Մշակույթ 3 տարի առաջ - 23:00 26-01-2023

Ա՜յ, այս ի՜նչ ուղիղ խոսող մարդ է եղել

Գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը որքան որ հրաշալի նկարում էր, նույնքան պատկերավոր էլ գրում էր։ Նրա «Կյանքիս հուշերը» վերանգրված օրագրային գրառումներում կարելի է կարդալ ինքնակենսագրական բազմաթիվ հետաքրիր ու տպավորիչ պատմություններ, որտեղ Թերլեմեզյանը ներկայացնում է իր մանկությունը, ընտանիքը, հասարակական-քաղաքական կյանքը, իր ձերբակալությունները, ազատագրական պայքարին իր մասնակցությունը։ Դրանց մեջ մի ուշագրավ պատմություն կա, որտեղ բացահայտվում է Թերլեմեզյան-մարդը և ազնիվ ու սկզբունքային արվեստագետը։

Փանոս Թերլեմեզյանը գրում է.

«1914 թ. հունիսին Փարիզում պիտի կայանար համաշխարհային երաժշտական կոնգրես, որին հրավիրված էր մասնակցելու Կոմիտասը՝ իբրև հայ երաժշտության ներկայացուցիչ:

Այդ ժամանակները Կոմիտասը գահաժառանգ Մեջիտ Էֆենտիի կնոջ հետ պարապում էր երաժշտություն: Փարիզի կոնգրեսին մեկնելուց առաջ նա ինձ հայտնեց, թե գահաժառանգը ուզում է, որ դու էլ մի անգամ պալատ գաս՝ իր նկարները տեսնելու:

Մեջիտ Էֆենտին տասնհինգ տարի նկարչության դասեր էր առած:



Մի օր Կոմիտասի հետ գահաժառանգի պալատը գնացինք:

Նա մեզ շատ քաղաքավարի ընդունեց, սուրճից հետո իր վերջին նկարը բերելով՝ առաջարկեց դիտողություններ անել:

Գահաժառանգի նկարին մոտեցողները, մանավանդ եվրոպացիները, հիացական բացականչություններով էին սկսում իրեց կոմպլիմանները: Իսկ ես հինգ վայրկյան մտատանջվեցի, թե ինչպես վարվեմ: Վճռեցի ասել ճշմարտությունը մեղմ կերպով: Նկարի մեծությունը երկու մետրից ավելի էր: Կտավի վարի կողմը մի փոքրիկ ֆիգուր կար տեղավորված, դա նրանց հին թագավորներից մինն էր, մի թանկարժեք Լահորի շալ քաշած իր ուսերին՝ նստած էր մինտարի վրա և թինկ տված մի բարձի: Այդ մինտարն ու բարձը փռված էին կեղտոտ տախտակամած հատակին: Կարծես, թե նկարված թագավորը երբեք գորգեր չէր ունեցել իր տանը: Այդ պատմական թագավորի առջև ծունկի եկած թոռնիկը դաս էր առնում իր պապիկ կայսրից: Ամբողջ նկարի յոթ տասներորդը բռնված էր մի շքեղ կարմիր թավիշե ոսկեթել բանվածք ունեցող վարագույրով:

Ես ուշիկ-ուշիկ իմ դիտողություններս առաջ տանելով՝ հասա մինչև վարագույրը և ասի, որ կարծես թե վարագույրն է նկարի կենտրոնական մոտիվը, իսկ մյուսները նրան լրացնելու էին ծառայում: Նայեցի Նորին մեծությանը, տեսա, որ սփրթնած է ու գույնն էլ կանաչել էր, իսկույն թույլտվություն խնդրեցի մեկնելու, նա չկարողացավ խոսել, այլ միայն ձեռքով արավ:

Երբ մենք փողոցումն էինք, Կոմիտասը ինձ հանդիմանեց, թե լավ չվարվեցա:



Նույն օրը Կոմիտասը էքսպրեսով մեկնեց Փարիզ՝ երաժշտական կոնգրեսին մասնակցելու համար:

Գահաժառանգի մոտ գնալուց մի քանի օր հետո, երբ Ստամբուլ էի գնացել, հայտնի թեյի վաճառական Իսագուլյանի խանութի մոտով անցնելիս՝ նա ինձ տեսավ ու հրավիրեց իր խանութը: Հետո հանդիմանելու ոճով ասաց. «Եղբայր, էս ի՞նչ ես արել, մարդիկ աստված կկանչեն և խունկ ու մոմով կփնտրեն մեծ անձնավորությունների հետ ծանոթությունը, իսկ դու աքացի ես տալիս քեզի եկած բախտավորության»:

Նա պատմեց, որ գահաժառանգի սենեկապետը մի օր առաջ եկած էր թեյ գնելու, նա ասել էր, որ Կոմիտասի հետ մի նկարիչ էր էֆենդիի մոտ, չգիտեմ այդ մարդը ինչ խոսեց նկարի մասին, բայց իմ տերը այնպես սաստիկ բարկացել էր, չկարողացավ խոսել, և առանց տունն իմացնելու, նստեց նավակ ու անցավ ասիական ափ և ահա ութ օր է, որ Իսկուտարի պալատումն է ապրում առանձնության մեջ: Ավելացրել էր, որ նկարիչը խելք չունի և երբեք իր կյանքում տան տեր չպիտի դառնա:



Երբ գահաժառանգը Իսկյուտարից վերադարձել էր իր Օրթագյուղի մոտի պալատը, առաջին գործը եղած էր սենեկապետին հրամայել, որ վերոհիշյալ նկարը բերի: Սենեկապետի պատմելով, նա շատ երկար ժամանակ նկարը դիտելուց հետո՝ ինքն ինքն իրեն բարձրաձայն ասել էր. «Ա՜յ, այս ի՜նչ ուղիղ խոսող մարդ է եղել» և դառնալով սենեկապետին պատվիրել էր, որ անմիջապես գա և ինձ իմացնի, որ ամսի 19-ին առավոտյան ժամը 10-ին էֆենտին ինձ այցելության պիտի գա:

Նշանակված օրին հեռագիր ստացա գահաժառանգից, որ հյուրերի պատճառով այդ օրը չպիտի կարողանա այցելել, այլ չորս օրից հետո միայն կգա: Իսկ ես նավի տոմս վերցրած լինելով՝ այլևս չկարողացա գահաժառանգին սպասել և Կովկասի վրայով Վան մեկնեցի»:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով