Ներքին 4 տարի առաջ - 18:46 08-09-2022

Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բանակից գողացած ոչ ոք՝ լինի գեներալ, սերժանտ, թե այլ մեկը, չի ներվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին ու ելքին:

«Քրեական գործեր են հարուցվում, քննվում են: Եվ իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ, այո, կարող էր այլ ելք լինել: Եվ ես չափազանց կարևոր եմ համարում, որ գտնենք այն պատասխանը, թե ինչու այդպես չեղավ, ինչու այլ ելք չեղավ: Նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում ինչո՞ւ այդպես դասավորվեց ամեն ինչ: Արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, ոչ միայն շահագրգռված էին, այլ նաև ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն, և իշխանափոխություն տեղի ունենա: Ես պնդում չեմ անում: Բայց ուզում եմ ասել, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, և այս հարցն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում է»,-ասել է վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները բավարար չափով օբյեկտիվ կգտնվեն՝ այդ հարցերի պատասխանը գտնելու համար: Վարչապետը նշել է նաև, որ ոմանք 2020-2021 թթ փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և վարչապետն անձամբ ուզում են պատերազմի հանգամանքները կոծկել:

«Ոչ, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի: Հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են լինում, այդ նույն մարդիկ ասում են, թե իշխանությունն ուզում է գցել բանակի վրա: Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա. ուզում ենք հասկանալ, թե որտեղ ինչ է տեղի ունեցել, որովհետև հանգամանքներ են ի հայտ գալիս, որ ես չեմ հասկանում: Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»,-ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ իշխանությանը մեղադրում էին Շուշին «տալու», «ծախելու» մեջ: «Շատ լավ, քրեական գործ է հարուցված: Մարդ է ձերբակալված այդ առումով, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ է Շուշին տվել»,-նշել է վարչապետը՝ խոստանալով, որ այդ թեման չի վերջանալու, այն մինչև վերջին թելը պետք է բացվի:

Նա վստահեցրել է, որ չկա ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է՝ պատերազմի մասին ճշմարտության բացահայտման համար:

Վարչապետը նաև նշել է, որ 2018 թվականից հետո իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսել բանակի վրա:

«Բայց հիմա պարզվում է, որ նույնիսկ մեր պայմաններում այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, ուր պետք է հասնեն: Իսկ ինչո՞ւ պետք է ներենք մենք սա որևէ մեկին՝ ինչ մեդալ էլ լինի կրծքին. չկա ներում այդ մարդկանց: Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ որտեղից եկող ում հրամաններով են առաջնորդվել: Դավաճանությունից են խոսում. սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞: Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, ոչ մեկը՝ լինի գեներալ, սերժանտ, վարչապետ, նախագահ, նախարար, չի ներվելու»,-ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ 2018-ին, հաշի առնելով բանակի ինստիտուցիոնալ կարևորությունը, նվազագույն կադրային միջամտություն է կատարել բանակում:

«Իմ առաջին կանխավարկածն այն է, որ ես մարդուն վստահում եմ այնքան ժամանակ, մինչև չվստահելու կոնկրետ պատճառ չունեմ: Սակայն, ասել եմ՝ մի պայմանով, ով, պարզվեց, որ բանակից 1 կոպեկ գողացել է, իմ թշնամին է, մինչև կյանքիս վերջ հետապնդելու եմ՝ հնարավոր բոլոր օրինական միջոցներով»,-ասել է նա՝ հավելելով, որ հետապնդողն իրավապահ մարմիններն են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը