Արտաքին 4 տարի առաջ - 18:47 08-07-2022

«Աերոֆլոտ»-ի ղեկավարի տեղակալը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Մոսկվայի Գագարինի դատարանը «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ալեքսանդրովը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Գործով վնասը գնահատվել է 250 մլն ռուբլի։

Դատարանը պատիժ է սահմանել նաև գործով անցնող երեք այլ ամբաստանյալների նկատմամբ։ «Աերոֆլոտ»-ի՝ պետական ​​իշխանության մարմինների հետ փոխգործակցության բաժնի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Փաստաբան Ալեքսանդր Սլիվկոն ստացել է նույն ժամկետը, իսկ երկրորդ փաստաբանը՝ Դինա Կիբեցը, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

«Բողոքարկելու ենք դատավճիռը։ Ոչ մի լավ բան ասել չեմ կարող։ Այդ կերպ ցանկացած փաստաբանի կարելի է ենթարկել պատասխանատվության, եթե ինչ-որ մեկին թվում է, թե նա չափազանցել է իր ծառայությունների արժեքը»,- հայտարարել է փաստաբան Սերգեյ Սմիրնովը, որը ներկայացնում է Ալեքսանդրովի շահերը այս գործընթացում:

Ամենից շատ դիտված