«Եթե պետք եղավ, մնալու ենք ու մեռնենք, բայց մենք որևէ կերպ թույլ չենք տալու, ուզում է՝ հազար հատ նիկոլփաշինյաններ լինեն՝ իրենց ալենսիմոնյաններով ու ալիևներով, երբևէ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԽ նախագահ Շառլ Միշելի
հայտարարությանը և դրանից բխող հնարավոր հետևանքներին, ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Ալիև-Միշել-Փաշինյան հերթական եռակողմ հանդիպումը, որի ավարտին ԵԽ նախագահը հայտարարել է․ «Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Միշելի այս հայտարարությունից կարելի է հետևություններ անել, որ Փաշինյանը երեկ Բրյուսելում վերջանականապես հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից և անկախությունից, այսինքն՝ պատրաստ է Արցախը ամբողջովին հանձնել Ադրբեջանին։
Մեզ հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արցախցիների համար ընդամենը մեկ կարգավիճակ կարող է լինել․ «Մենք հստակ ասել ենք, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք «կարգավիճակ»։ Դա 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ձեռք բերված ինքնորոշման իրավունքի հաշվին մեր միջազգային ճանաչումն է, մենք ուրիշ կարգավիճակ չենք կարող ունենալ, և դա ամենացածր նշաձողն է, ինչպես սիրում է նշաձողից խոսել Հայաստանի վարչապետը։ Այսինքն՝ դրանից ներքև եթե որևէ հարց քննարկվում է, ապա դա Արցախի բռնակցումն է Ադրբեջանին, չկա այլ տարբերակ, և այլ կարգավիճակ ևս չկա։ Կա՛մ Արցախը անկախ է և իր ինքնորոշման իրավունքի հիման վրա ճանաչված, կա՛մ Ադրբեջանի կազմում․ ուրիշ տարբերակ չկա։ Հայաստանի իշխանությունները տանում են երկրորդ ճանապարհով, այսինքն՝ Արցախը բռնակցում են Արդրբեջանին։ Ցավալին այն է, որ երբ խոսում ենք Արցախի կարգավիճակից, ապա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նույն բանն են ասում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասաց, եթե առաջ կարգավիճակից էր բխում մեր անվտանգությունը, այսօր պիտի անվտանգությունից բխի կարգավիճակը։ Դա շատ հեշտ է վերծանելը, և դա ցավալիորեն ասում են նաև մյուս բոլոր երկրները, և դա ոչ թե այդ երկրների ցանկությունն է կամ կարծիքը, այլ հենց այդպես է բանակցային գործընթացում ներկայացնում հայկական կողմը։ Որովհետև եթե նա կանգնում, Հայաստանի բարձր ամբիոնից արտահայտում է այդ միտքը, ապա, բնականաբար, իրենք բանակցային գործընթացում այդ ուղին են բռնել։
Դա նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, որտեղ, որպես փոքրամասնություն, թույլատրվում է ապրել Արցախում, ունենալ մշակութային ու կրոնական ինչ-որ իրավունքներ, և դրանով սահմանափակվում է։ Եթե նմանեցնենք, ապա դա նման կլինի խորհրդային տարիներին բռնակցված Արցախին, բայց ավելի ցածր, ավելի վատ վիճակով, քան նույնիսկ այն ժամանակ էր։ Այս ամենը հենց սա է նշանակում, և եթե մենք չենք կարողանում դեմն առնել, ապա ցավալի է, ես ցավ եմ ապրում, չեմ կարողանում այսպիսի բան ասել, բայց մեզ ընդամենը մի քանի ամիս ժամանակ է մնում, ավելի կոնկրետ՝ 3 ամիս, որովհետև այնտեղ հստակ խոսվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կյանքի կոչելու մասին, Եվրոպան ևս իր փորձագիտական հանձնաժողովը առաջարկում է՝ հակառակ Ռուսաստանի։ Մի խոսքով՝ իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում, քան մենք կարող ենք պատկերացնել»։
ԱԺ պատգամավորին հարցրինք՝ եթե Արցախը որևէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա արցախցիները կշարունակե՞ն ապրել իրենց հայրենիքում, թե՞ Արցախը կհայաթափվի․ «Պատերազմից հետո շատ բան է փոխվել․ ինչքան էլ Հայաստանի ապիկար իշխանությունները փորձեցին արցախցուն կամ ընդհանրապես հային ներկայացնել որպես վախկոտ, պատերազմից փախչող տեսակ, ամենևին էլ այդպես չէ։ Որևէ արցախցու հետ խոսելիս այլ կարծիք չես լսի, յուրաքանչյուրը պատրաստ է, և յուրաքանչյուրը մնալու է՝ պայքարելու իր ամեն թիզ հողի, իր երեխայի ապրելու իրավունքի համար իր անկախ հայրենիքում։ Սա է միակ տարբերակը։ Ես ավելի մարդկային, առօրյա խոսակցականով ասեմ՝ եթե պետք եղավ, մնալու ենք ու մեռնենք, բայց մենք որևէ կերպ թույլ չենք տալու, ուզում է՝ հազար հատ նիկոլփաշինյաններ լինեն՝ իրենց ալենսիմոնյաններով ու ալիևներով, երբևէ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և ցանկացած ճանապարհով՝ գիտակցությանը մո՞տ կլինի, թե՞ հեռու, մենք թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա։ Թող Փաշինյանը մտածի, թե ինչ ձևով, բայց դա այդպես է լինելու»։