Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 18:17 10-12-2021

Ռուսաստանը համաձայնեց այս ձևաչափի գործարկմանը՝ Հայաստանին խնդրելով մասնակցել այդ հանդիպմանը

ՌԴ-ում այսօր կայանալու է հիմա արդեն՝ 3+2 ձևաչափի առաջին քննարկումը փոխարտգործնախարարների մակարդակով։ Թե ինչքանո՞վ է ճիշտ մասնակցել այդ հանդիպմանը և որ՞ երկրի շահերից է բխում այդ հանդիպումը, Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

Ըստ մեր զրուցակցի, նման ձևաչափերը ստեղծվում են հենց տարածաշրջանային առավել կարևոր ու կոնֆլիկտային հարցերը քննարկելու համար։ Հետևաբար ակնհայտ է, որ այս ձևաչափում քննարկվելու են թե՛ սահմանների ճշգրտման, թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, թե՛ Արցախի հիմնահարցին վերաբերող հարցերը, ու այս ձևաչափն աստիճանաբար դառնալու է զուգահեռ Մինսկի խմբին՝ նաև Արցախի հարցով, և քանի որ 2018 թվականի մայիսից հետո իրականացվող քաղաքականության հետևանքով մենք հիմա ավելի մեծ կախվածության մեջ ենք, քան երբևէ եղել ենք 1991 թվականի սեպտեմբերից սկսած, հետևաբար այս պայմաններում Հայաստանը որևէ հնարավորություն չուներ մերժելու Ռուսաստանի այդ խնդրանք-պահանջը։

«Ձևաչափի առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում, որն արդեն վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, այո՛, կողմ է։ Սա ինձ համար մի փոքր դժվար է բացատրել, որովհետև այս ձևաչափը նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը համաձայն է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի համոզմամբ ինքն ունի հատուկ շահեր, ունի գրեթե նույնքան հավասար իրավունքներ, ինչքան Ռուսաստանը»։

Ռուսաստանում, ըստ երևույթին, գտել են, որ ամեն դեպքում ավելի լավ է Հարավային Կովկասում Արևմուտքին տեսնել միջնորդավորված՝ Թուրքիայի միջոցով, քան Արևմուտքի ուղղակի ներկայությամբ։ Մեր զրուցակցի կանխորոշմամբ, գոնե միակ ռացիոնալ բացատրությունը սա է, թե ինչու Ռուսաստանը համաձայնեց այս ձևաչափի գործարկմանը և, ամենայն հավանականությամբ, «խնդրեց» Հայաստանին մասնակցել այդ հանդիպմանը։

«Ամեն դեպքում, քիչ հավանական է, որ մինչև տարեվերջ ինչ-որ բան տեղի կունենա։ Բայց, սովորաբար, եթե առաջին հանդիպումը տեղի է ունենում փոխարտգործնախարարների մակարդակով, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարվա սկզբին չեմ բացառում, որ կլինի հանդիպում մի փոքր ավելի բարձր մակարդակով, եթե ոչ պետության առաջին դեմքերի, գոնե արտգործնախարարների մակարդակով։ Նման ձևաչափերը ստեղծվում են, որպեսզի քննարկվեն տարածաշրջանի համար առավել ցցուն հարցերը։ Ինձ համար միանշանակ է, որ լինելու է այդ և այլ հարցերի քննարկում այս ձևաչափում, հակառակ պարագայում այս ձևաչափի ստեղծումն իմաստ չէր ունենա»։

Փաստորեն, այս ձևաչափում քննարկվելու են բոլոր այն հարցերը, որոնք արդեն իսկ քննարկվում են այլ ձևաչափերում, և Հայաստանը գիտի, որ համաձայնություն տալով մասնակցել առաջին նիստին՝ համաձայնում է մասնակցել նաև հետագա քննարկումներին, իսկ թե ինչպե՛ս դրանք կներկայացվեն հանրությանը, կարծում եմ՝ այդքան էլ բարդ բան չէ բացատրություններ գտնելը։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը համաձայնում է մասնակցել մի ձևաչափի, որտեղ կան Ադրբեջանն ու Թուրքիան, այսինքն՝ Հայաստանը համաձայնում է, որ Թուրքիան՝ որպես լիարժեք կողմ, մասնակցի թե՛ Արցախի ապագային վերաբերող հարցերի քննարկմանը, թե՛ Հայաստանի, ինչն ինձ համար անընդունելի է:

«Դա նշանակում է անուղղակիորեն ընդունել, որ, այո՛, Թուրքիան իրավունք ունի ու կարող է մասնակցել այս քննարկումներին, մինչդեռ Թուրքիան Հայաստանի հանդեպ ուղղակիորեն վարում է թշնամական քաղաքականություն, ուղղակիորեն մասնակցել է Արցախի ջախջախմանը, հիմա էլ հանդես է գալիս Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի տարածքվ Ադրբեջանն ու Թուրքիան կապող միջանցքի պահանջով։ Բայց քանի որ մենք հիմա առավել կախված ենք Ռուսաստանից, ու եթե Ռուսաստանը պահանջել է Հայաստանից մասնակցել այս ձևաչափին, մերժման իրական հնարավորություն չեմ տեսնում»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին