Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 19:30 07-10-2026

Անվտանգային համակարգերը խափանված են․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի ապօրինի ներխուժումը, խաղաղ բնակչի վրա կրակելն ու դրան հաջորդած զարգացումները շարունակում են քնարկումների կիզակետում մնալ։

Այս միջադեպի, անվտանգային համակարգի ճեղքերի և ուժային կառույցներում իրականացված պաշտոնանկությունների շուրջ Oragir.News-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ բացահայտելով համակարգային այն խնդիրները, որոնք իշխանությունը փորձում է քողարկել։

Անդրադառնալով սահմանախախտման բուն փաստին՝ Տիգրան Աբրահամյանը շեշտում է, որ տեղի ունեցածը պետության արտաքին և ներքին անվտանգության ձախողումն է։

Նրա համոզմամբ՝ առաջնային խնդիրն այն է, թե ինչպես է ադրբեջանցուն հաջողվել անկատելիորեն անցնել թիկունք:

«Ինչպես է կարողացել ադրբեջանցին այդքան գովերգված առաջնագծի, առաջնագծի կառույցների, բունկերների, տեսադիտարկման համակարգերի պարագայում մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մի քանի օր շրջել, դրանից հետո մեծ վնաս հասնել քաղաքացիական անձանց, ընդհուպ հրազենային վնասվածք, ճնշումներ և այլն»,- հարցադրեց բանախոսը՝ կարծիք հայտնելով, որ այս օրերին իշխանությունը փորձում է թեման հեռացնել բուն քննարկման նյութից։

Նա նաև անդրադարձել է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնանկությանը՝ նշելով, որ չի շտապում որևէ մեկին «քավության նոխազ» համարել, քանի որ կառույցն ամբողջությամբ չի կատարում իր ֆունկցիան և զբաղված է ներքաղաքական հարցերով:

«Այստեղ պետք է համակարգային առումով արձանագրել, որ այդ համակարգերը խափանված են։ Դա չի վերաբերում միայն սահմանի հատմանը․ դա վերաբերում է զինված ուժերում առկա կարգապահության բացակայությանը, ծառայության նկատմամբ վերաբերմունքին, ինչպես նաև ներքին անվտանգությունն ապահովող մարմիններին՝ Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը, որոնք իրենց ֆունկցիան պատշաճ ձևով չեն կատարում»,- նկատեց Աբրահամյանը։

Մինչ ընդդիմությունը բարձրաձայնում է անվտանգային բացթողումների մասին, Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հանդես է եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով։ Նա նշել է, որ դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ պարզապես մոլորվել է, իսկ դիվերսիայի վարկածները որակել է «աբսուրդ»։

Առավել մեծ աղմուկ է բարձրացրել Փաշինյանի դիրքորոշումը Բաքվում պահվող հայ գերիների և սահմանախախտ ադրբեջանցու հնարավոր փոխանակման վերաբերյալ։

Վերջինս բառացիորեն հայտարարել է. «Դրանք տարբեր թեմաներ են... եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»:

Հարցին՝ արդյոք կարելի՞ է նույն հարթության վրա դնել սեփական հայրենիքն ու սահմանը պաշտպանող հայ զինվորին և Հայաստանի տարածք ապօրինի ներխուժած, զենքով խաղաղ բնակչի վրա կրակած՝ ադրբեջանցի զինծառայողին, Աբրահամյանը պատասխանեց․ «Ադրբեջանը գերիներին մեզ չի հանձնում ոչ թե նրա համար, որ նրանք իրավական տիրույթում որևէ քայլ են արել կամ հանցագործություն են գործել, այլ պարզապես այդ թեման դարձել է քաղաքական բանակցությունների առարկա, նաև Հայաստանի և հայ ժողովրդի վրա ճնշման միջոց»։

Նրա խոսքով՝ որքան էլ գերիների հարցը քննարկվի հումանիտար տեսանկյունից, նրանց հանձնման կամ չհանձնման բոլոր թեմաները պետք է դիտարկել քաղաքական քննարկումների համատեքստում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
21:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Անի Ավետիսյանի ընտանիքին