Միտք 5 տարի առաջ - 20:01 15-07-2021

Փաշինյանիզմ․ ժողովրդավարությունից բռնապետություն

Վերջերս երբեմնի ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական և ոստիկանական համակարգերում չորս աշխատողի գեներալի կոչում շնորհեց, դրանից առաջ ընտրացուցակում գրանցեց տխրահռչակ մի քանի օլիգարխի, բոլորովին վերջերս էլ հանդիպեց, այսպես կոչված, արտախորհրդարանական «քաղաքական ուժերի» ղեկավարների հետ: Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս իրադարձություններն իրականում մի շղթայի կարևոր հանգույցներ են, որոնց միջոցով Նիկոլը փորձում է հաստատել իր տոտալ իշխանությունը Հայաստանում՝ բոլոր ոլորտներում։ Ավելի մանրամասն հասկանանք, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։

Երբ նա եկավ, իսկ ավելի ճիշտ՝ երբ 2018 թվականին նրան բերեցին իշխանության, նրա իշխանության հիմքը շատ-շատերի իշխանափոխության մեծ ցանկությունն էր։ Նա իրեն անվանեց ժողովրդական վարչապետ և մինչև պատերազմի ավարտը դուրս չեկավ այդ կերպարից։ Արդեն պատերազմի ընթացքում խիստ ակնհայտ դարձավ, որ ժողովրդական վարչապետը և ինքը գենետիկորեն համատեղելի չեն, և մի քիչ էլ մոլորեցնելով հանրությանը (6 ամիս ժամանակ խնդրելով երկրի համար կարևոր ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար)՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հանդես եկավ ժողովրդական վարչապետի ուղիղ հակառակ, բայց ուրեմն իր իսկական դեմքով՝ թավիշից հրաժարվող, բռնության կոչեր անող և այլն։ Բայց եթե ոչ ժողովրդի, ապա ո՞ւմ վրա պետք է այս անգամ խարսխվեր Փաշինյանի իշխանությունը։

Հենց նրանց վրա, որոնց նա հիմա հավաքում է իր շուրջ՝ իրեն ծառայող ոստիկանների և զինվորականների, օլիգարխների և արտախորհրդարանական «քաղաքական ուժերի»։ Նրանք, հասկանալով, թե ոչ, ստեղծում են Փաշինյանի լեգիտիմության պատրանքը։ Ոստիկաններին, զինվորականներին և օլիգարխներին Փաշինյանը փորձելու է ներկայացնել որպես համապատասխան ոլորտի «էլիտաներ»։ Չմոռանանք նաև Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի մասին, որոնք էլ իրավական ոլորտի էլիտաներն են։

Ակնհայտ է, որ ընտրություններից հետո Փաշինյանը ստեղծում է իրեն ծառայող «էլիտաներ»։ Դա անհրաժեշտ է նրան իր իշխանությունն ինչ-որ բանի վրա հիմնելու համար։ Ինքը հասկացավ, որ միայն խոսելով այլևս չի կարող մոլորեցնել մարդկանց, իսկ իշխանությունը պահելու գործում իր ֆեյսբուքյան ելույթներն այլևս օգուտ չեն բերում։ Եթե նկատել եք, նա արդեն վաղուց իր ելույթներում այլևս չի սիրում բոլորին և չի հպարտանում բոլորով: Որովհետև իրականում էլ չի սիրում և չի հպարտանում։ Եվ, չկարողանալով ուղիղ խոսել լայն հասարակության հետ, ինչպես նա անում էր գրեթե երեք տարի, ստեղծում է կեղծ էլիտաներ՝ հավատարիմների շրջանակներ կարևոր ոլորտներում։ Ի դեպ, նույնն անում էր Սերժ Սարգսյանը, երբ իրեն շրջապատում էր քրեական հեղինակություններով կամ մասնակցում պսևդոինտելեկտուալների գրքերի շնորհանդեսներին։

Ահա այսպես Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ընտրեց ժողովրդական վարչապետից շարքային բռնապետի վերածվելու տարբերակը, ինչը պետության համար նշանակում է անցում ժողովրդավարությունից բռնապետության։

Մովսես Դեմիրճյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում