ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղել է, երբ լրագրողը նրան հարցրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարության մասին, թե ամերիկացի բանակցողները ցանկանում են, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագիրը կնքվի մինչև հունվար։
Այս մասին հաղորդում է The New York Post-ը, որն ԱՄՆ նախագահի հետ բացառիկ հարցազրույց է վարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։
«Ո՞վ է նման բան ասել, – հարցրել է Թրամփը՝ ծիծաղելով և հայացք փոխանակելով սենյակում գտնվող իր բարձրաստիճան օգնականներից մեկի հետ։ – Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ»։
Թրամփի խոսքով՝ հակամարտությունը ձգձգվում է, քանի որ «տանգո պարելու համար երկու հոգի է պետք»։
«Ես որևէ ժամկետով սահմանափակված չեմ։ Պարզապես կցանկանայի տեսնել, որ այն (հակամարտությունը) ավարտվի։ Գիտեք՝ դա մեզ վրա չի ազդում։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ ամեն ինչ ավարտվի հենց այսօր, բայց տանգո պարելու համար երկու հոգի է պետք։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։
«Երբեմն (Ռուսաստանի նախագահ) Պուտինը պատրաստակամ է թվում, իսկ Զելենսկին՝ ոչ։ Երբեմն Զելենսկին մեծ ցանկություն ունի ամեն ինչ ավարտելու, իսկ Պուտինը պատրաստ չէ։ Ամեն ինչ կախված է տվյալ օրվանից», – հավելել է նա։