Կոտայքի մարզի Հացավանի Հ. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակի և աշակերտների նկատմամբ պարբերական բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը՝ ներկայացնելով դպրոցի աշակերտներից մեկի ծնողի կողմից իրեն փոխանցված փաստերը։
Ըստ հրապարակված տվյալների՝ ծնողը պնդում է, որ ուսումնական հաստատությունում տևական ժամանակ է՝ խախտվում են երեխաների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ դպրոցի ղեկավարությունը պատշաճ արձագանք տալու փոխարեն կոծկում է միջադեպերը։
Ահազանգում նշվում է, որ դպրոցի տնօրենի թոռան կողմից համադասարանցիների նկատմամբ պարբերաբար կիրառվում է բռնություն, հնչում են հայհոյանքներ, որոնք մնում են անհետևանք։ Ավելին՝ երբ աշակերտը փորձում է ինքնապաշտպանվել, մեղավոր են ճանաչում հենց իրեն՝ զրկելով անգամ դասամիջոցի իրավունքից։
Նշվում է, որ դասարանում մկրատով երեխայի մազերը կտրելու, ինչպես նաև դպրոցի հետնամասում երեխային ծեծելու և հագուստը հանելու դեպքերը տնօրինության կողմից չեն արժանացել պատշաճ գնահատականի, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ սեպտեմբերին դպրոցում հերթապահող ոստիկանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո դասղեկն ու ղեկավարությունը կրկին պաշտպանել են տնօրենի թոռանը՝ անհիմն մեղադրելով ծեծի ենթարկված երեխային։
Ծնողը նաև ահազանգում է անձամբ տնօրենի կողմից երեխայի վրա ձեռք բարձրացնելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին։ Դասղեկն էլ, ըստ ծնողի, խնդրին միջամտելու փոխարեն հայտարարել է. «Ես ի՞նչ անեմ»։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Կարինե Թորոսյանն ընդգծել է, որ անթույլատրելի է, երբ ծնողը ստիպված է լինում փաստել, որ իր երեխան դպրոց գնալու փոխարեն տանն ավելի ապահով ու առողջ կմնա։
«Երեխաներին «փչացնողները» հաճախ հենց այն մեծահասակներն են, ովքեր պարտավոր էին նրանց կրթել ու դաստիարակել, բայց փոխարենը սովորեցնում են ամենաթողություն։ Դպրոցը տնօրենների ընտանեկան բիզնեսը չէ։ Երբ ծնողը ստիպված է ասել, որ դպրոց գնալու փոխարեն իր երեխան տանը ավելի ապահով ու առողջ կմնա, ուրեմն տվյալ դպրոցի ղեկավարումը ձախողված է»,- նշել է ՀԿ նախագահը։
Նա հայտնել է, որ որպես հասարակական կազմակերպության ղեկավար՝ պաշտոնապես գրավոր դիմումներ է ուղարկել ինչպես ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ, այնպես էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Ներքին գործերի նախարարություն և Կրթության տեսչական մարմին՝ պահանջելով հրատապ արձագանք և խորքային ուսումնասիրություն։
Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց Կոտայքի մարզպետարանի հետ, որտեղից հորդորեցին նախ դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
ԿԳՄՍ նախարարությունից էլ փոխանցեցին, որ դեպքի մասին տեղեկացվել են իրավասու բոլոր մարմինները, և արդեն ընթանում է ուսումնասիրություն. «Ինչպես նախորդ ահազանգերի դեպքում, այս անգամ ևս տեղեկացվել է ՆԳՆ ոստիկանությունը, աշխատանքներում ներգրավվել է ԿԳՄՍՆ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, իսկ Կրթության տեսչական մարմինն այս պահին ուսումնասիրություն է իրականացնում։ Հետագա քայլերը կորոշվեն ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո»,-հայտնեցին նախարարությունից։
Հասմիկ Մովսիսյան