Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 16-ին Եվրոպայում բնակվող կամ ճանապարհորդող ամերիկացիներին կոչ է արել բարձր զգոնություն ցուցաբերել մարդաշատ վայրերում, տոնական միջոցառումներում և տրանսպորտային հանգույցներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանատան տարածած զգուշացման մասին հայտնում է բուլղարական NOVA հեռուստաընկերությունը։
«Զգոն եղեք մարդաշատ հանրային վայրերում, տոնական միջոցառումներում և տրանսպորտային հանգույցներում։ Հետևեք տեղական լուրերին, խուսափեք ցույցերից և կատարեք տեղական իշխանությունների ցուցումները»,- նշված է դեսպանատան գրառման մեջ։
Զգուշացման համաձայն՝ մեծ հավաքներն ու հանրային միջոցառումները կարող են թիրախ դառնալ ահաբեկչական խմբերի և հանցագործների համար։ Հնարավոր թիրախների թվում նշվում են զբոսաշրջային վայրերը, Սուրբծննդյան տոնավաճառները, առևտրի կենտրոններն ու կրոնական կառույցները։
Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել նախապես ստուգել չվերթների կարգավիճակը և հաշվի առնել գործադուլների ու ցույցերի հետևանքով տրանսպորտային հնարավոր խափանումները։ Զգուշացումը վերաբերում է Եվրոպային ընդհանուր առմամբ և չի մատնանշում կոնկրետ երկրում հաստատված անմիջական սպառնալիք։