Ներքին Տեսանյութ 16 րոպե առաջ - 20:30 16-11-2026

Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 16-ի ամփոփ լուրերը:

Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի նախկին քաղաքապետ և ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ կալանքի տակ գտնվող Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի ապրիլի 30-ին պատվերով սպանություն կատարելուն դրդելու հոդվածով։ Նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարած անձի կալանավորումից կարճ ժամանակ անց վերջինիս ընտանիքի ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվել է. չունենալով գրեթե ոչ մի եկամուտ՝ նրանք ձեռք են բերել երեք թանկարժեք ավտոմեքենա։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, ով պաշտպանում էր Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի շահերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաբանին քրեական պատասխանատվության են ենթարկել ինչ-որ քաղաքացու բողոքի հիման վրա՝ մեղադրելով խարդախության և շորթման մեջ։ Դատարանն արդեն հասցրել է որոշում կայացնել. Դավիթ Իշխանյանի պաշտպանն առաջիկա երեք ամիսը կանցկացնի Բաքվի քննչական մեկուսարանում։

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Նախնական տեղեկություններով՝ մեքենայում հարսանիքի մասնակից երկու անչափահաս է եղել։ Երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին 15-ամյա պատանին՝ Գավառի ավագ դպրոցի աշակերտ Ռաֆայել Բ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։ 17-ամյա Դավիթ Բ.-ն գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Կառավարությունն առաջարկում է աշխարհի թոփ 50 բուհերի հայ ուսանողների համար զորակոչի տարիքային վերին շեմը 27-ի փոխարեն դարձնել 32 տարեկան։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խնդիրն այն է, որ գործող օրենքով՝ այդ բուհերն ավարտած քաղաքացիները կարող էին 3 տարի աշխատել պետական կամ կառավարության սահմանած հատուկ ոլորտներում ու ազատվել ծառայությունից, բայց մագիստրատուրա կամ ասպիրանտուրա ավարտելուց հետո շատերի 27 տարին լրանում էր հենց աշխատանքային պայմանագրի ընթացքում։ Նոր փոփոխությամբ նրանց հնարավորություն է տրվում հանգիստ աշխատել մինչև 32 տարեկան՝ առանց բանակ զորակոչվելու վտանգի։ Նախագիծն արդեն դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում և առաջիկայում կմտնի ԱԺ լիագումար նիստ։

Երևանն ու Աթենքը ճշգրտում են դիվանագիտական օրակարգը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Բանակցությունների առանցքում եղել են ինչպես հայ-հունական երկկողմ կապերի խորացումը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2027 թվականի երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու է հենց Հունաստանը։ Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Տեսանյութ: