Ներքին Հարցում Տեսանյութ 9 րոպե առաջ - 23:00 16-11-2026

Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում

Հանրային հեռուստաընկերության տաղավարում Հարություն Մկրտչյանի և Բորիս Մուրազիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում նրանք միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել։ Դեպքից հետո իշխանությունը հրապարակել է տաղավարում տեղի ունեցած միջադեպի կադրերը՝ հանրության ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու հանրության կարծիքը, թե ինչո՞ւ է իշխանությունը հրապարակել Հ1-ի տաղավարում տեղի ունեցած վեճի կադրերը։

Հարցվածներից մեկն ասաց, որ տեղի ունեցածն անընդունելի է և խայտառակություն՝ նշելով, որ կադրերի հրապարակումը նպատակ ուներ ժողովրդի մեջ քաոս և պառակտում առաջացնելու։ «Իրենք իրենց խայտառակում են, չի կարելի էդպես անել։ Դա ժողովրդի մեջ քաոս տարածելու համար էր»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ նպատակն այն էր, որ մարդիկ պառակտվեն և միմյանց չհարգեն։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ նման միջադեպերն անթույլատրելի են, դա մեր ազգի պատիվն է, և տեսնում է ամբողջ աշխարհը: Նրա խոսքով՝ պետք է հարցերը լուծել առանց կռվի՝ փոխադարձ զիջումների և համաձայնության միջոցով։

Մեկ այլ հարցված էլ տեղի ունեցածը համարեց ներքին խնդիր, որը չպետք է հանրայնացվեր։

«Ներքին աղտն էր, և պետք չէր դուրս հանել։ Եթե կարող էին ներքին կարգով լուծել, դա շատ լավ կլիներ։ Դա ամբողջ աշխարհն էր տեսնում»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները`տեսանյութում: