Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կտրուկ է արձագանքել Անգլիայի ընտրանու կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի կոպիտ խաղին՝ մրցակցին երկու անգամ անվանելով «հիմար»։ Լարված միջադեպը գրանցվել է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Իսպանիա – Անգլիա (2:3) հանդիպման երկրորդ խաղակեսում։
Դրվագը տեղի է ունեցել այն պահին, երբ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթում էր 3:0 հաշվով։ Յամալը գնդակը խլել է Ջարել Քուանսայից և մեծ արագությամբ ներխուժել հյուրերի տուգանային հրապարակ։ Անդերսոնը հետևից կանոնների խախտմամբ կանգնեցրել է երիտասարդ իսպանացուն՝ թույլ չտալով նրան մեն-մենակ դուրս գալ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի դեմ։
Հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենն անմիջապես նշանակել է 11-մետրանոց հարված և գոլային ակնհայտ հնարավորությունը խափանելու համար ուղիղ կարմիր քարտ ցույց տվել անգլիացի ֆուտբոլիստին։ Ինչպես հաղորդում են իսպանական «AS» և «Goal» պարբերականները, մրցավարի որոշումից հետո Յամալը մոտեցել է Անդերսոնին, նրա հասցեին երկու անգամ նետել «Idiot, idiot» («Հիմա՛ր, հիմա՛ր») արտահայտությունը, ապա ձեռքի շարժումով պահանջել արագ լքել խաղադաշտը, որպեսզի տանտերերն իրացնեն տուգանային հարվածը։
Մինչ այդ խախտումը՝ անգլիացիները Հարի Քեյնի, Էզրի Կոնսայի և Բեն Ուայթի գոլերի շնորհիվ լիովին վերահսկում էին խաղի ընթացքը, սակայն Յամալի ակտիվությունը գլխիվայր շուռ է տվել հանդիպման պատկերը։
Վաստակած 11-մետրանոցն անվրեպ իրացրել է Միկել Օյարսաբալը, իսկ 75-րդ րոպեին արդեն նույն Յամալի փայլուն գոլային փոխանցումից հետո Նիկո Ուիլյամսը հաշվի տարբերությունը հասցրել է նվազագույնի՝ 2:3։ Թվային առավելություն ստացած Իսպանիան վերջնամասում մեծ ուժերով նետվել է գրոհի, սակայն անգլիացիների դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը մի քանի ֆանտաստիկ սեյվով փրկել է իր թիմին՝ պահպանելով հաղթական հաշիվը։
Հավելենք, որ Մադրիդում տարած այս հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը ոչ միայն առաջին տեղով ավարտեց ելույթները Ազգերի լիգայի A3 խմբում, այլև ընդհատեց Իսպանիայի ընտրանու՝ պաշտոնական խաղերում 44 հանդիպում տևած անպարտելիության ռեկորդային շարքը։
Armsport