Հայաստանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) ամփոփման համատեքստում բնապահպան Սիլվա Ադամյանը
Oragir.News-ի տաղավարում գնահատել է միջոցառման արդյունքները։
Նա առանձնացրել է թե՛ քաղաքացիական հասարակության ձեռքբերումները, թե՛ առաջիկա մարտահրավերները։
Թեև COP-ը գլոբալ հարթակ է՝ ուղղված համաշխարհային բնապահպանական ու կլիմայական խնդիրներին, մասնակից երկրներն այն օգտագործում են նաև սեփական ցավոտ հարցերը միջազգային օրակարգ բերելու համար։ Ադամյանի խոսքով՝ բնապահպանական համայնքին հաջողվել է համաժողովին ներկա միջազգային հանրությանը հասցնել Ամուլսարի հանքի շահագործման անթույլատրելիության մասին հստակ ուղերձը։
Նա ընդգծել է, որ այս աշխատանքն իրականացվել է պետական մարմինների և իրավապահների կողմից գործադրվող մեծ ճնշումների պայմաններում, սակայն քաղաքացիական հասարակությունը կարողացել է իր խոսքը տեղ հասցնել։ Բնապահպանի դիտարկմամբ՝ համաժողովի հյուրընկալումն ունեցավ կարևոր ճանաչողական նշանակություն։
Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ և օտարերկրյա պատվիրակներ այցելեցին Հայաստան, ինչը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալու երկրին և հայ հասարակությանը։
Ըստ Ադամյանի՝ միջազգային հանդիպումների ժամանակ հաճախ ստիպված էին լինում քարտեզի վրա ցույց տալ Հայաստանի տեղը, իսկ համաժողովը նպաստեց երկրի ճանաչելիության բարձրացմանը։
Անդրադառնալով համաժողովի ֆինանսական արդյունքներին՝ Սիլվա Ադամյանը նշել է, որ միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, UNESCO-ն և գործընկեր բնապահպանական կազմակերպությունները, ավելի քան 30 երկրների համար հատկացրել են շուրջ 500 միլիոն դոլար։ Թե այդ գումարից կոնկրետ որքան կհասնի Հայաստանին, դեռևս հայտնի չէ պաշտոնական տվյալների բացակայության պատճառով։
«Հարց է ծագում՝ արդյոք այդ գումարները նպատակային կծախսվե՞ն։ Այստեղ պիտի բնապահպանները անպայման մշտադիտարկում անեն»,- ամփոփել է Սիլվա Ադամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան