Արտաքին 11 րոպե առաջ - 20:44 13-11-2026

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Նիդերլանդների թագուհի Մաքսիման ռազմական պատրաստություն անցնելուց հետո դարձել է այդ երկրի թագավորական բանակի պահեստազորի սպա՝ փոխգնդապետի կոչումով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդների Թագավորական տան տարածած հաղորդագրությունում նշված է, որ Մաքսիման ծառայելու է որպես շտաբային սպա։

«Նիդերլանդների թագուհի Մաքսիման, պահեստազորի 23 այլ սպաների հետ միասին, երդում է տվել Նիդերլանդների թագավորական բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յան Սվիլենսի ներկայությամբ։ Որպես պահեստազորային՝ զինվորական պատրաստությունն անցնելուց և երդման արարողությունից հետո նրան շնորհվել է Նիդերլանդների թագավորական բանակի փոխգնդապետի կոչում»,- նշված է Թագավորական տան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Արարողությունը տեղի է ունեցել Նիդերլանդների հարավում գտնվող Բրեդա քաղաքի Թագավորական ռազմական ակադեմիայում։