Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական զարգացումներին և վերջին շրջանում քաղաքական օրակարգի կարևոր իրադարձություններին։
Հարություն Մնացականյանը վերջերս ԱԺ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը որակել է որպես խայտառակություն։ Պատգամավորի համոզմամբ՝ միջադեպը կազմակերպված և նախապես ծրագրված է եղել իշխանության կողմից։
Նրա խոսքով՝ դեպքից մեկ օր առաջ իշխանությունը ձախողել էր TRIPP նախագծի և խաղաղության օրակարգի շրջանակում պատգամավորների հարցերին պատասխանելու գործընթացը, իսկ ծեծկռտուքը նպատակ ուներ շեղելու հանրության ուշադրությունն այդ ամենից։ Ավելին՝ պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունը նման կերպ իր «ուժն» է ցուցադրել ինտելեկտով աչքի չընկնող իր հետևորդներին։
Հարություն Մնացականյանի խոսքով՝ իրենք ԱԺ չեն գնացել պարզապես կոճակ սեղմելու համար։ Անդրադառնալով նման միջադեպերի կրկնվելու հավանականությանը՝ պատգամավորը նշել է. «Կռիվ լինի՝ կկռվենք»։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք նույնպես պատրաստ են բռունցքներով պատասխանելու՝ նույնիսկ քաղաքակրթության սահմաններից դուրս գալու գնով։
Պատգամավորն անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անցած ճանապարհին և հասարակական կյանքում ունեցած դերակատարությանը։ Նա շեշտել է, որ գռեհիկ խոսույթը իշխանության ստեղծածն է, մինչդեռ հայ ժողովուրդը ցանկանում է տեսնել գրագետ խոսք և աշխատանք։ «Մենք դա պետք է ապահովենք։ Եվ ավելին՝ մենք դասալիք չենք», — ընդգծել է Հարություն Մնացականյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կանխարգելմանն ու հետագա զարգացումներին՝ Հարություն Մնացականյանը նշել է, որ լավագույն միջոցը ժամանակին ճիշտ պայքարելն ու անհրաժեշտ գործողություններ իրականացնելն է, քանի որ, նրա խոսքով, «ժամանակն աշխատում է պետության դեմ»։
Հարություն Մնացականյանը խոսել է նաև Հայաստանի գյուղատնտեսության խնդիրների և հեռանկարների մասին։ Քաղաքական զարգացումների և զրույցի մյուս ուշագրավ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով հաղորդման ամբողջական տարբերակը։
Գևորգ Էմին-Տերյան