Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանը խոսել է հետընտրական փուլում ընդդիմության անելիքների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի՝ ընդհանուր նպատակ ունենալու անհրաժեշտության, Փաշինյանի՝ դժգոհության դեպքում հեղափոխություն անելու կոչերի, տիրող վախի մթնոլորտի, մարդկանց նկատմամբ հետապնդումների և բռնաճնշումների, իշխանափոխության հնարավորության, ներկայիս իշխանության օրոք Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու վտանգավոր լինելու, փողոցի միջոցով իշխանափոխության հասնելու մասին:
«Ամենաուշը մինչև տարեվերջ հավաքական ընդդիմությունը պետք է հստակ սահմանի իր նպատակը, որպեսզի քաղաքացին տեսնի, որ գնում է այդ ուղղությամբ և սկսի քաղաքական պայքարը»,- նշեց նա:
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ Աբրահամյանն ասաց. «Ընդդիմության ակտիվության առաջին ֆազան պիտի դրսևորվեր հենց ընտրությունների գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր հաղթանակի մասին, պետք է ընդդիմությունը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպաներ, որովհետև ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը մաքուր, ազատ, արդար մրցակցային ընտրություններ է թույլ տալու, դա միամտություն էր, ընդ որում՝ դա տեսանելի էր դեռ մեկ տարի առաջ»:
Ըստ նախկին պատգամավորի՝ նիկոլական իշխանությունը որևէ շանս չի թողնում այլ ուժի բացառապես ընտրական պրոցեսներով հաջողություն ապահովելու, քանի որ մրցակցային, արդար ընտրություններ չի ապահովում, ուստի ցանկացած ուժ, որ կարողացավ վերահսկել փողոցը, հնարավորություն կունենա հասնելու իշխանափոխության:
Այս և այլ հետաքրքիր հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան