Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանը խոսել է Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունների իրենց թեկնածուի նկատմամբ հետապնդումների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումների, COP17-ի համար ծախսված ահռելի գումարների, հետընտրական խախտումների, սահմանի ապօրինի խախտումների, ուժային կառույցների անգործության, Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության, իշխանությունների անվերջ զիջումների, իրենց դաշինքի՝ դեղերի վերաբերյալ նախագծի մասին:
Ըստ պատգամավորի՝ Ստեփանավանի թեկնածուի հետ կապված տեսանյութից հստակ երևում է, որ այն մոնտաժված է, իսկ տեսանյութում փոխանցվող գումարը նախատեսված էր շտաբի ընթացիկ ծախսերի համար:
«Այս ընդհանուր արշավը մեր թեկնածուի դեմ որոշակի չափով սպասելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը վախենում է, ինքը տեսնում է, որ պարտվում է Ստեփանավանում. տարբեր սոցհարցումների միջոցով հասկացել են, որ «Ուժեղ Հայաստանը» 50 + 1 ձայն հավաքում է և ինքնուրույն կարողանալու է Ստեփանավանում ընտրել համայնքի ղեկավար»,- նշեց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ ընդհանուր բռնաճնշումներին՝ նա նշեց. «Ընդդիմության ձայները վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 80 տոկոսով ավելացել են, իսկ իշխող ուժը իր իշխանության պատմության մեջ առաջի անգամ 50+1 ձայն անգամ չի ստացել, ինչի պատճառով զգում է լեգիտիմության ճգնաժամը, և այս բռնաճնշումները դրա վառ արձագանքն են, ընդ որում՝ աննախադեպ ընտրախախտումների ֆոնին, անգամ Եվրոպան չպաշտպանեց Նիկոլ Փաշինյանին. ժամանակն աշխատում է ընդդիմության օգտին և գործող իշխանության դեմ»:
Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ ընդդիմադիր պատգամավորը վստահություն հայտնեց, որ դա արվում է բացառապես Ալիևի պահանջով. «Ադրբեջանի պահանջները չեն դադարում, և սահմանադրական փոփոխությունները, որոնք որ կան, իշխանությունը փաստացի իր գործողություններով ցույց է տալիս, որ ընդունել է այդ պահանջը, և փաստացի Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, և սա այդ անվերջանալի զիջումների՝ «զիջումներ առանց խաղաղության» տրամաբանության շարունակությունն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող փոփոխվել Ադրբեջանի նախագահի պահանջով»:
Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան