Քաղաքական թեժ աշուն է սպասվում Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում։ Այս համայնքներում նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։
Աշոցքում առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն գործող համայնքապետ Կարեն Մանուկյանն է, իսկ Ամասիայում նախկին ՔՊ-ական Մերգել Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, ով գլխավորում է «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցության ցուցակը։
Նշենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին Ջեմմա Հարությունյանի հետ ընտրապայքարի մեջ հենց Մերգել Ղարիբյանն էր, ով ընտրություններից հետո երկար ժամանակ չէր հաշտվում արդյունքների հետ։ Այս ընտրություններին կարծես փոխվել են տեղերն ու դերերը։ Նախկին ՔՊ-ականն հանդես կգա ընդդիմադիրի, ընդդիմադիր համայնքապետն էլ՝ ՔՊ-ի դիրքերից։
Oragir.News-ը զրուցել է ՔՊ-ական դարձած Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ։
«Իմ քաղաքական հայացքները փոխվեցին, և այսօր ինձ համար ընդունելի են իշխանության ներկայացրած ծրագրերը, և ես կողմ եմ խաղաղությանը, որն այսօր ամենակարևորն է։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք զոհեր չունենանք։
Մեր համայնքից շատ երիտասարդներ են զոհվել։ Ես կողմ եմ խաղաղությանը, որ մեր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ»։ Հարությունյանը վստահ է, որ ինչպես 2021-ին, այնպես էլ հիմա շատերն իրեն կտան իրենց քվեն։ «Ես հաղթանակի եմ սպասում, շատ բարձր քվեներ եմ ակնկալում»։
Հարցադրմանը՝ եթե ՔՊ-ն կորցնի իշխանությունը, ինքը կրկին ընդդիմադի՞ր է դառնալու, թե՞ շարունակելու է մնալ ՔՊ-ի կողքին, Հարությունյանը պատասխանել է. «Ես մնալու եմ գաղափարախոսության կողքին։ Ես միշտ եմ ասել, որ եթե 2021-ին ՔՊ-ն ինձ առաջարկեր, ես կմիանայի, բայց քանի որ ինձ առաջարկություն եղավ, դրա համար էլ մենք հանդես եկանք որպես ընդդիմություն»։ Առաջարկը անձամբ է ստացել՝ ՔՊ-ի կողմից։
Եթե նախկին ՔՊ-ականը հանդես է գալիս ընդդիմադիրի, իսկ նախկին ընդդիմադիրն՝ իշխանականի դիրքերից, ապա ընտրողը ինչպե՞ս հասկանա՝ ով է իրականում ինչի համար պայքարում։ Հարցին Ջեմմա Հարությունյանն այսպես է պատասխանում. «Ընտրողն ինքը կկողմնորոշվի, թե ով ինչի համար է պայքարում։ Ես կներկայացնեմ իմ ծրագիրը, թող ընտրողը որոշի՝ ում ինչի համար է քվե տալու»։
Հարությունյանն ասում է, որ ինքը ո՛չ Շիրակի մարզպետի աշխատակազմի, ո՛չ էլ կառավարության հետ խնդիրներ ունի։ «Ես շարունակելու եմ նրանց հետ աշխատել։ Ես ինքնակամ եմ ՔՊ-ական դարձել, ոչ մի ճնշում իմ և իմ ընտանիքի վրա չի եղել»,-ընդգծել է նա։
Անահիտ Չալիկյան