Մամուլ 12 ժամ առաջ - 07:05 22-10-2026

ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների շարքում գազի ներմուծման արժեքի շուրջ 69 տոկոս աճն է լինելու։ Իսկ գազի գնի այդքան շեշտակի աճը կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գազի հնարավոր թանկացումը չէ։ Մտահոգիչ են նաև այն հարցերը, թե ինչ տնտեսական գին կարող է ունենալ Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշման փոփոխությունը, որքանով է կառավարությունը պատրաստ նման սցենարներին, և վերջապես՝ ով է վճարելու հնարավոր թանկացումների համար։

Հոկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում դիտարկվում է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6 տոկոսով, գնաճը՝ աճել 14,9 տոկոսային կետով, իսկ սպառումը՝ կրճատվել 14,6 տոկոսով։

Սակայն ամենազգայուն կետերից մեկը բնական գազի հարցն է։ Զեկույցում նշվում է, որ Հայաստան մատակարարվող գազի հաշվարկային գինը կարող է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնել 300 դոլարի։ Սա շուրջ 69 տոկոս աճ է։

Փաստաթղթի հեղինակների հաշվարկով՝ գազի ներմուծման արժեքը տարեկան կարող է 389 միլիոն դոլարից հասնել 657,5 միլիոն դոլարի՝ ավելանալով 268,5 միլիոն դոլարով։ Ընդ որում՝ զեկույցում նշված 300 դոլարը գնահատականային ցուցանիշ է, և իրական պայմանագրային գինը կարող է կախված լինել նաև միջազգային շուկայի իրավիճակից։

Կարևոր է ընդգծել՝ խոսքը հնարավոր սցենարի մասին է, ոչ թե արդեն ընդունված որոշման կամ սպառողների համար հաստատված նոր սակագնի։ Բայց նույնիսկ որպես սցենար՝ այս հաշվարկը լուրջ հարցեր է առաջացնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված