««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին հեռացնել կուսակցությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ կուսակցության ներսում Արթուր Ստեփանյանի հարցը քննարկվել է ավելի վաղ, և նրա հեռացման հետևում ոչ միայն կուսակցական կարգապահության, այլև քաղաքական հավատարմության հետ կապված խնդիրներ են։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Ստեփանյանի վարքագիծը լուրջ քննարկման առարկա է դարձել նաև ՔՊ վերահսկող հանձնաժողովում։
Իշխանական շրջանակներում կասկածներ են առաջացել, որ ՔՊ-ական համայնքապետը փորձել է քաղաքական «խաղեր տալ» իշխանության և ընդդիմության միջև՝ միաժամանակ պահպանելով իր դիրքերը իշխող կուսակցության ներսում։
Մասնավորապես, նախընտրական շրջանում Ստեփանյանը աջակցություն է ցուցաբերել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին, որ խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցի ընդդիմությունը։ Ահա և դրա համար էլ պատժվեց։
Համայնքապետը թերևս կարծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կգա «Ուժեղ Հայաստանը», և փորձել է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ մնալով ՔՊ-ի կազմում։
Թերթի տեղեկություններով՝ այս հանգամանքները քննարկվել են կուսակցության վերահսկող հանձնաժողովում, որտեղ համայնքապետին նկատողություն է արվել՝ նման վարքագիծ դրսևորելու անթույլատրելիության վերաբերյալ։
ՔՊ-ից թերթին փոխանցեցին, որ Ստեփանյանն իր բացատրություններում պնդել է, որ տեղի ունեցածը թյուրիմացության հետևանք է, իրեն սխալ տեղեկություններ են փոխանցել, և ինքը որևէ կերպ չի աջակցել ընդդիմադիր ուժին։ Սակայն կուսակցության ներսում հավաքված տեղեկությունները չեն փարատել կասկածները, և համոզմունք է ձևավորվել, որ համայնքապետը համագործակցել է ընդդիմադիր շրջանակների հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։