Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 14:30 20-10-2026

Թրամփի վարչակազմում մի շարք ազդեցիկ կանայք հեռացել են պաշտոններից

Թրամփի վարչակազմում կադրային ցնցումներ են։ Ազդեցիկ կանայք մեկը մյուսի հետևից հեռանում են պաշտոններից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում շարունակվում են կադրային փոփոխությունները, որոնք, ըստ լրատվամիջոցների, հատկապես ազդել են բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց վրա։ Վերջին ամիսներին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացել են իրենց պաշտոններից, իսկ այժմ հարցականի տակ է նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի ապագան։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ վարչակազմում վերջին աղմկահարույց դեպքերից մեկը Քեյթի Զաքարիասի հեռացումն էր, որը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում ընդամենը հինգ օր էր աշխատել։ Թրամփի առաջին վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը նշել է, որ այս միջավայրում կանանց համար աշխատանքային պայմաններն ավելի բարդ են, քանի որ նրանց գործունեությունը մանրակրկիտ քննության է ենթարկվում։

Սպիտակ տունը հերքել է խտրականության մասին պնդումները։ Մամուլի քարտուղար Թեյլոր Ռոջերսի խոսքով՝ Թրամփը պաշտոնյաներին ընտրում է նրանց արժանիքների և որակավորման հիման վրա։

Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել Քիմբերլի Գիլֆոյլի՝ Հունաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից հեռանալը։ Ավելի վաղ Daily Mail-ը և The Wall Street Journal-ը հրապարակել էին նրա դեմ էթիկական խախտումների և պաշտոնը անձնական շահերի համար օգտագործելու վերաբերյալ մեղադրանքներ։ Գիլֆոյլը հերքել է դրանք՝ հայտարարելով, որ կպաշտպանի իր հեղինակությունը։

Մարտին պաշտոնից հեռացվել է Հայրենիքի անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Նրա գործունեության վերաբերյալ քննադատության պատճառներից էին հարկատուների միջոցներով իրականացված վիճահարույց գովազդային արշավը և Ալեքս Փրեթիի ու Ռենե Գուդի մահերից հետո գերատեսչության արձագանքը։ Լրատվամիջոցների համաձայն՝ դժգոհությունն ավելի է խորացել Կոնգրեսում նրա ցուցմունքներից հետո։ Թրամփը հերքել է, որ անձամբ հաստատել է գովազդային արշավը։

Ապրիլին գլխավոր դատախազի պաշտոնից հեռացել է Փեմ Բոնդին։ Ըստ հրապարակումների՝ վարչակազմը դժգոհ էր Ջեֆրի Էպշտեյնի գործի նրա վարումից։ Ավելի ուշ Բոնդին հայտնել է, որ բուժում է ստանում վահանաձև գեղձի քաղցկեղից։

Ապրիլի վերջին աշխատանքից հեռացել է նաև աշխատանքի նախարար Լորի Չավես-ԴեՌեմերը՝ էթիկայի հետաքննության ֆոնին։ Նրա և ընտանիքի անդամների վերաբերյալ հրապարակված մեղադրանքները ներառել են ոչ պատշաճ վարքագծի ու պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման մասին պնդումներ։ Չավես-ԴեՌեմերը հերքել է իր մեղքը։

Մայիսին հրաժարականի մասին հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Հրապարակումներում նշվել են ինչպես անձնական հանգամանքները, այդ թվում՝ ամուսնու առողջական խնդիրները, այնպես էլ Թրամփի հետ քաղաքական տարաձայնությունների մասին տեղեկությունները։ Daily Mail-ի աղբյուրներից մեկի պնդմամբ՝ նրանց միջև տարաձայնություններ են եղել նաև Մերձավոր Արևելքի պատերազմի հարցում։

Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը դժգոհություն է հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի աշխատանքից։ Հնարավոր պատճառների թվում նշվում են նախագահի ցածր վարկանիշը և տեղեկությունները, որ Ուայլսի մերձավոր շրջապատի որոշ անդամներ, այդ թվում՝ դուստրը, կարող էին շահույթ ստանալ արտասահմանյան խորհրդատվական պայմանագրերից։

Politico-ի հետ զրույցում հանրապետական պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Ուայլսը «շատերին օտարացրել է»։ Միևնույն ժամանակ, Թրամփը պնդել է, որ շարունակում է լիովին վստահել իր աշխատակազմի ղեկավարին։
Կադրային փոփոխություններն անդրադարձել են նաև Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Քեյթի Զաքարիասը պաշտոնը ստանձնել էր Քերոլին Լիվիտի հեռանալուց հետո։ Վերջինս օգոստոսին հրաժարական էր տվել՝ նշելով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել փոքր երեխաների հետ։

Թրամփի երկրորդ վարչակազմի ձևավորման սկզբում շեշտադրվել էր բարձր պաշտոններում կանանց ներկայացվածությունը։ Սակայն Daily Mail-ի տվյալներով՝ սկզբնական շրջանում կաբինետի և վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակված ութ կանանցից չորսն արդեն հեռացել են։ Պաշտոններում շարունակում են մնալ գյուղատնտեսության նախարար Բրուք Ռոլինսը, կրթության նախարար Լինդա Մաքմահոնը, Փոքր բիզնեսի վարչության ղեկավար Քելի Լոֆլերը և Սյուզի Ուայլսը։

Վարչակազմի պաշտոնյաներից մեկը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես ճգնաժամերի շարունակական շարք՝ խոստացված կարգապահության և կայունության փոխարեն։

Կադրային փոփոխությունների պատճառները տարբեր են՝ էթիկական հետաքննություններից ու հանրային սկանդալներից մինչև քաղաքական տարաձայնություններ և անձնական հանգամանքներ։ Այդուհանդերձ, պաշտոնյաների հեռացումների շարքը հարցեր է առաջացրել Թրամփի վարչակազմի ներքին կայունության և նույնիսկ նախագահի ամենամերձավոր դաշնակիցների պաշտոնների անվտանգության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան