Ներքին 52 րոպե առաջ - 21:22 15-10-2026

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. Հետք

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Գրում է Հետքը:

Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր վարորդներից քչերն են պատկերացնում, որ դրանք նախկինում կանգառներ էին։ Մայրուղու 16-17 կմ-ի այս կանգառասրահները կառուցվել են 1970-ականներին։ Դրանք հեղինակային նախագծով կառուցված շինություններ են՝ սովետական մոդեռնիզմի ոճով։ Կանգառասրահներն իրար էին միանում գետնանցումով, որով բնակիչները ապահով անցնում էին մայրուղու մի մայթից մյուսը։

90-ականների սկզբին այս կանգառները տրամադրվեցին «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին՝ վերակառուցելու նպատակով։ Հետագայում տարբեր կասկածելի գործարքներով 2660 քմ մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառները դարձան Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի ընտանիքի սեփականությունը։

Խորովածանոց դարձած կանգառասրահը

Երևան-Սևան մայրուղի 16-17-րդ կմ 1 շինություն և Սևան-Երևան մայրուղի 16-17-րդ կմ 2 շինություն հասցեներում գտնվող կանգառասրահները կասկածելի հանգամանքներում սեփականաշնորվել են։ Կանգառասրահներից մեկն այժմ արագ սննդի կետ է դարձել, մյուսը չի օգտագործվում։ Իսկ մարդիկ ստիպված են բաց երկնքի տակ սպասել ավտոբուսին, անձրևի ու ձյան ժամանակ էլ պատսպարվել մոտակայքում գտնվող կամրջի տակ։

Մասնավորեցումից հետո գետնանցումը փակվել է։ Այս տարվա օգոստոսի 26-ին այդ հատվածում փողոցն անցնելիս 25-ամյա մի երիտասարդ վրաերթի ենթարկվեց ու մահացավ։

2660 քմ ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառասրահներն ու սանհանգույցները 2008 թվականից պատկանում են «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Սուրեն Բալասյանի կողմից։ Սուրեն Բալասյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հայրն է։ Հետագայում Սուրեն Բալասյանը դուրս է եկել ընկերությունից և հիմա «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի 50% փայատերը նրա կինն է՝ Աննման Ղուկասյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: