Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 20:30 15-10-2026

Քաղաքացին ընկել է 12 մետրից, խաղաղություն 2031, զորակոչը՝ նոյեմբերի 16-ից. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 15-ի ամփոփ լուրերը:

Երևանի Բյուզանդի փողոցում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ քաղաքացին ընկել է մոտ 12 մետր բարձրությունից։
Oragir.News-ի հետ զրույցում դեպքի ականատեսը պատմել է, որ բետոնատար մեքենայի վարորդը բետոնը դատարկելուց հետո իջել է մեքենայից՝ բաքը լվանալու նպատակով, սակայն ընկել է փոսի մեջ։
«Բետոնը դատարկելուց հետո մեքենայի բաքը պետք է պարտադիր լվանալ, որպեսզի բետոնի մնացորդները ներսում չքարանան։ Մեքենան կանգնած է եղել, վարորդն իջել է՝ բաքը լվանալու, և ընկել փոսի մեջ։ Նրան տեղափոխել են «Հերացի» հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չունեմ»,- նշեց ականատեսը։


Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Ես ինձ համար նման խնդիր եմ դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։


Ըստ flightradar24 կայքի՝ այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան: Տաջիկական «Somon Air» ընկերության Boeing 737-8GJ օդանավը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել: Այս մասին տեղեկացնում են Ազատությունից:
Տաջիկստանի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ երեկվանից ժամանել են Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին: Boeing 737-8GJ օդանավը, սակայն, չի սպասարկում Տաջիկստանի նախագահին:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Վարչապետը ողջունել է Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նա երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, որ այցելում է մեր երկիր։


Անկլավ, էքսկլավների հետ կապված խնդիրը միշտ էլ առկա է եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Այլ բան, թե դրա հետ կապված եղել է պայմանավորվածություն, թե՝ ոչ։ Այս պահին էլ չկա պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ընբռնում կա։ Եվ, այո, խոսքը Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի և Ասկիպարայի և Արծվաշենի մասին է։ Գաղափարն այն է, որ սահմանազատման դեպքում սահմանի երկու կողմում էլ անկլավ ու էքսկլավ չի լինում։ Դա տեխնիկական հարց է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ»,-ասել է Փաշինյանը, ապա հավելել․ «Գաղափարն այնպիսին է, որ Արծվաշեն գյուղն, օրինակ, կարող է տեղաշարժվել։ Արծվաշեն գյուղը, օրինակ, տեղաշարժվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա։ Նույնն էլ լինելու է հակառակ կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում: