Արտաքին 42 րոպե առաջ - 15:08 04-10-2026

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ TRIPP երթուղին, որը նախատեսվում է որպես այլընտրանքային ճանապարհ, Վրաստանի համար մրցակից չի համարվում։

«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Սա վերաբերում է նաև Անակլիային»,– ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2020 թվականից ի վեր աճել է յոթ անգամ, ինչի հետևանքով առաջացել է նոր ենթակառուցվածքների և երթուղիների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն. «Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է, այնքան, որ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել դիվերսիֆիկացնելու երթուղիները։ Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիրներ ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»։

Կոբախիձեն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ Վրաստանի հարաբերություններին ու սահմանների դելիմիտացիայի գործընթացին։

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել դելիմիտացիա-դեմարկացիա, և այս ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի՝ լիովին բարեկամական մթնոլորտում»,– ասել է Վրաստանի վարչապետը։