Ներքին 3 տարի առաջ - 23:42 10-01-2023

Ո՞նց հասկացնենք էս մարդկանց, որ քո պետության սահմանների պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն քո բանակը․ Էդիկ Բաղդասարյան

«Նիկոլ Փաշինյանը, տեսեք, թե էսօր ինչ է ասել. որ իրենք գիտեին, թե մենք ուժեղ բանակ եւ ուժեղ դաշնակիցներ ունենք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Բայց հետո պարզվել է, որ այդպես չէ: Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում: Շատ տեղերում նրանց պետք է փոխարինեին, բայց չեն փոխարինել, շարքից դուրս եկած զենքերի փոխարեն նորերը չեն հասցրել ժամանակին: Նրանք մաշվում էին տեղերում, բայց շարունակում` կռվել: Ջրականի 3-րդ գումարտակը, որ կիսով չափ էր համալրված, 6 գիշեր եւ 7 ցերեկ կատաղի մարտեր է վարել` հետ մղելով թշնամու գրոհները, ոչնչացնելով տասնյակ տեխնիկա: Թշնամին հարյուրավոր դիակներ է թողել մարտադաշտում: Սա թշնամու հարձակման գլխավոր ուղղությունն էր: Իսկ թիկունքում, որտեղ գլխավոր հրամանատարը պետք է կառավարեր, իմանար տեղի ունեցող մարտերի, թշնամու առաջխաղացման մասին, հասցներ ամեն ինչ, իրականացներ մոբիլիզացիա, լայվեր էր մտնում, իր արբանյակների միջոցով ստեր տարածում: Հիմա գլխավոր հրամանատարն եկել, ասում է, թե մենք գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք: Մենք իսկապես ունեինք մարտունակ բանակ, ավելին՝ նույնիսկ բավարար զենք-զինամթերք, որ չի օգտագործվել, որի օգտագործման համար գլխավոր հրամանատարի հրամանը պետք է լիներ: Հիմա ամեն ինչ բանակի վրա բարդելը սրբապղծություն է: Հադրութի գունդն իր դիրքերում կանգնած էր մինչեւ հոկտեմբերի 27-ը, թշնամու ստորաբաժանումները թիկունքում առաջ էին գնում դեպի Շուշի, ու մերոնք մարտեր էին մղում մինչեւ նահանջի հրամանը:

Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Նույնիսկ ձեր պաշտպանության նախարարը Հայաստանում չէր: Ո՞նց հասկացնենք էս մարդկանց, որ քո պետության սահմանների պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն քո բանակը: Ո՞նց հասկացնենք, որ ոչ մի դաշնակից չի կռվելու քո փոխարեն: Ինչքան էլ գրկախառնվես Պուտինի, Մակրոնի կամ եսիմ էլ ում հետ, դրանից քո սահմանների պաշտպանությունը չի ամրապնդվելու: Երկու տարի առաջ, երբ զինվորականներին ասում էի՝ արագ բարձունքներն ամրացրեք, բարձրացեք բոլոր գագաթներում կառույցներ սարքեք, դիրքեր դրեք, ասում էին՝ առանց հրամանի չենք կարող դա անել: Իսկ հրաման չկար: Ես իսկապես խնդրում էի նրանց, ասում էի՝ այս իշխանությունները չեն հասկանում, գոնե դուք պետք է անեք դա, համոզեք, բացատրեք, թե ինչ կարող է լինել, եթե չանենք դա: Ասում էին՝ մեզնից կախված չէ: Ու դաժան մի իրականություն բացվեց ինձ համար, որ այս երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան