Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի ընթացքում
Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն ամփոփել են անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները և անդրադարձել դրանց շուրջ ծավալվող գործընթացներին։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած արտակարգ միջադեպին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել էր հայկական բնակավայր, մտել տեղի տներից մեկը և հրազենային վնասվածք հասցրել ՀՀ քաղաքացու։ Ի՞նչ թերացումներ են դրսևորել իշխանությունն ու ընդդիմությունը այս միջադեպի առնչությամբ, և ի՞նչ հետևություններ կարելի է անել տեղի ունեցածից։
Քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունը, ըստ որի՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի ընդունումը կարող է դառնալ ամենատրամաբանական լուծումը։ Ի՞նչ է ենթադրում այս մոտեցումը, և ինչպիսի՞ հարցեր են առաջանում Հայաստանի էներգետիկ անվտանգության ու ատոմային էներգետիկայի ապագայի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին կենսաթոշակների նախատեսվող 1000 դրամով բարձրացմանը և մահվան նպաստի վերացմանը։ Գևորգ Էմին-Տերյանը, անդրադառնալով թեմային, այն բնորոշել է որպես «ՀՀՇ-ի անեծք»՝ հիշեցնելով ՀՀՇ-ի իշխանության տարիներին հուղարկավորությունների հետ կապված իրավիճակը։
Հաղորդման ընթացքում խոսվել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինչու սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ինքը պաշտոնական ուղերձով հանդես չի եկել, քանի որ Հայաստանի պատմությունը լի է ողբերգական էջերով, և եթե ամեն օրը վերածվի սգի, ապա տարվա բոլոր 365 օրերն էլ կարող են սգո օրեր համարվել։
Քննարկվել է նաև Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ պատահարը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին»։ Ի՞նչ կապ կարող են ունենալ այս երկու իրադարձությունները։
Մանրամաները տեսանյութում։
Գևորգ Էմին-Տերյան