Ազգովի խայտառակվեցինք նորից։ Հասարակությունը վրդովված է ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցագործությունների փաստից։
Ինչպե՞ս կարող էր ադրբեջանցի զինվորը զենքով ազատորեն շրջել Հայաստանում, հանցագործություններ կատարել։ Եվ ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի այս խայտառակության համար։
Այս դեպքը ցույց տվեց, որ հայ-ադրբեջանական սահմանը վատ է պաշտպանված։ Վատ են աշխատում նաև ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն։ Սակայն միանշանակ հնարավոր չէ պնդել, թե սա համակարգային խնդիր է։ Համենայնդեպս՝ եթե այս կառույցներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել տվյալ դեպքի համար, նշանակում է՝ պաշտպանական, անվտանգային, իրավապահ մարմինները նման իրավիճակում անզոր են։
Այս դեպքը ցույց տվեց նաև ադրբեջանցիների ընդհանուր վերաբերմունքը Հայաստանի, հայերի նկատմամբ։ Ամեն օր Բաքվի իշխանությունները խոսում են իրենց հաղթանակի, ՀՀ իշխանություններին պայմաններ թելադրելու, ՀՀ ներխուժած տարածքներից դուրս չգալու, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» մասին։ Հայերի հանդեպ ատելությունը ոչ միայն չի մեղմվել օգոստոսի 8-ից հետո, այլև ընդլայնվել։ Այսպիսի քարոզով սնված ադրբեջանցի զինծառայողը, հավանաբար, կարծել է, թե հայերը վախենում են, իրեն շանսատակ չեն անի փողոցում, ուստի՝ կարող է հանգիստ շրջել հայկական բնակավայրերում, գողություն անել, նույնիսկ սպանել։ Գուցե նա 300 հազարից մեկն էր, որը մի ոտք շուտ էր եկել և այստեղ իրեն զգում էր տանտիրոջ պես։
Նկատենք, որ Հայաստանի և Ադրբեջանի իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրությունները տարբեր են։ Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 26-ին պարտադիր զինվորական ծառայություն անցնող Նասիմի Մուսաևն անհետ կորել է իր ծառայության վայրից։ Զինդատախազությունը հիմնավոր կասկածներ ունի, որ զինծառայողը առանց թույլտվության լքել է իր ստորաբաժանումը։ Հարուցվել է քրեական գործ։
Իսկ ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Այս երկու հաղորդագրություններն էլ հրապարակվել են հոկտեմբերի 1-ին, երբ արդեն կատարվել էր հանցագործությունը, որի վկաներն ու տուժողներն արդեն ցուցմունք էին տվել։ Այսինքն՝ արդեն հնարավոր չէր պարտակել, քանի որ արյուն էր թափվել։ Իսկ մինչ այդ ի՞նչ էին անում ուժային կառույցները։ Սպասում էին, որ ադրբեջանցին հանցագործություն կկատարի, ու դրանից հետո բռնե՞ն։
Ընդդիմախոսների շրջանում ողջամիտ կասկած է շրջանառվում, թե ԱԱԾ-ն կարող էր ավելի շուտ բռնել սահմանախախտին, սակայն զբաղված էր նախկիններին ունեզրկելու կարևոր գործերով։ Իսկ երբ արյունալի հանցագործություն տեղի ունեցավ, ապա թողեցին ամեն ինչ և ձերբակալեցին, որ բնակիչները տականքին չսատկացնեն փողոցում։
Շրջանառվող մեկ այլ վարկածով ենթադրվում է, որ սա հատուկ կազմակերպված ցուցադրական հանցագործություն է, որը մի քանի պատկերներով հիշեցնում է Պերմյակովի կատարած ոճրագործությունը։ Այն պարունակում էր ակնարկ ուղղված Սերժ Սարգսյանին։ Գուցե ցուցադրական այս հանցագործությամբ Մոսկվան ադրբեջանցի զինծառայողի ձեռամբ ինչ-որ բան է ակնարկում ՀՀ իշխանություններին։ Այս առումով՝ ենթադրելի է, որ նրան ուղեկցել են ռուսական հատուկ ծառայության աշխատակիցները, որ նա կատարի իր սև գործը, որից հետո նրան ձերբակալեն, որ բնակիչները ինքնադատաստան չտեսնեն նրա հետ։
Կարճ ասած՝ սա ոչ միայն արյունալի հանցագործություն է, այլև խայտառակություն։ ԱԱԾ-ն և մյուս ուժայինները պետք է վերանայեն իրենց մարտավարությունները՝ այսօրինակ դեպքերը բացառելու համար։ Օրինակ՝ կարող են կիբուցիներ ձևավորել հրեաների օրինակով։ Իսկ մինչ այդ ԱԱԾ-ն ու մյուս ուժայինները կարող են ներողություն խնդրել, որ չեն կարողացել կանխարգելել հանցագործությունը, որից վիրավորվել են Շաքիի ՀՀ քաղաքացին ու երկու երեխաները։
Թաթուլ Մկրտչյան