Երեկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի գործով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ նշելով, թե ինչ հոդվածներով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Ըստ այդմ՝ գործը հարուցվել էր զենքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։ Սակայն նկատելի էր, որ պետական սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ հոդված հաղորդագրությունում նշված չէր։
Oragir.News-ը նախ Քննչական կոմիտեից փորձեց տեղեկություն ստանալ, թե ինչու է պաշտոնական հոսքերում բացակայում այդ կարևոր դրվագը, ինչին ի պատասխան կառույցից հայտնեցին, թե Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ արդեն իսկ կան հանրությանը հուզող հարցերի պատասխանները։
Այնուհետև, թեմայի շուրջ հստակություն մտցնելու համար, կապ հաստատեցինք Գլխավոր դատախազության հետ՝ փորձելով տեղեկություն ստանալ մեզ հետաքրքրող հոդվածի վերաբերյալ։
Oragir.News-ին գերատեսչությունից հայտնեցին հետևյալը․ «Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ապօրինի հատել էր սահմանը, ներթափանցել բնակելի տուն և հրազենից արձակված կրակոցներով վնասվածքներ պատճառել տանտիրոջն ու ֆիզիկական վնաս՝ նրա երկու անչափահաս երեխաներին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողն անմիջապես ձերբակալվել էր։ Տուժած կինն ու երեխաները ստացել են անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հասմիկ Մովսիսյան