Ներքին 1 ժամ առաջ - 18:00 24-09-2026

Տենց բան չկա, վա՛յ, ամոթ չի՞. Մհեր Քումունցը հերքում է Scopus-ի շուրջ 1000 դոլարանոց սկանդալը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի գիտական համայնքում վերջին շրջանում լուրջ դժգոհության և անհանգստության ալիք է բարձրացել։ Պատճառը ՀՀ Կառավարության որոշումն է, որով գիտաշխատողների պարտադիր ատեստավորման համար սահմանվել է խիստ պահանջ՝ ունենալ հրապարակումներ միջազգային հեղինակավոր Scopus տվյալների շտեմարաններում։

Ակադեմիական ատեստավորման սեղմ վերջնաժամկետների պատճառով շատ գիտնականներ, ովքեր չեն ունեցել բավարար լեզվական հմտություններ կամ միջազգային հարթակներում տպագրվելու փորձ, հայտնվել են անելանելի վիճակում։

Հենց այստեղ էլ, մեզ հասած տեղեկությունների, ասպարեզ է եկել ճարպիկ միջնորդ, որն իր օգնությունն է առաջարկել գիտնականերին։ Վերջինս գիտնականներին առաջարկել է վճարել շուրջ 1000 ԱՄՆ դոլար, ինչի դիմաց խոստացել՝ հոդվածի արագ թարգմանություն, անհրաժեշտ անունների ներառում համահեղինակների շարքում և, ամենակարևորը, երաշխավորված տպագրություն Scopus-ում ինդեքսավորվող ամսագրում։ Որոշ ժամանակ անց ի հայտ է եկել դառը իրականությունը։

Պարզվել է, որ ամսագիրը, որի համար գիտնականները խոշոր գումարներ էին վճարել, իրականում որևէ իրական կապ չունի Scopus բազայի հետ։ Արդյունքում՝ գումարները ծախսվել են, իսկ գիտնականները կանգնել են ատեստավորումը ձախողելու և աշխատանքից զրկվելու վտանգի առաջ։

Oragir.News-ի տեղեկություններով, այս պատմության մեջ շրջանառվում է Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցի անունը։ Տարածաշրջանում նա հայտնի է ոչ միայն իր գիտական գործունեությամբ. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի իշխանության տարիներին Քումունցը եղել է տեղական մեդիա դաշտի ազդեցիկ դեմքերից՝ խմբագրելով «Գորիսի պետական համալսարան» պաշտոնաթերթը և աշխատելով մարզպետարանի ազդեցության տակ գտնվող այլ հարթակներում։

Oragir.News-ը կապ հաստատեց Մհեր Քումունցի հետ՝ խնդրելով մեկնաբանել գիտնականներից գումարներ վերցնելու և կեղծ ամսագրերում տպագրելու վերաբերյալ մեղադրանքները։ Վերջինս կտրուկ հերքեց բոլոր լուրերը. «Չէ՛, այդպիսի բաներ չկան, ա՛յ մարդ, սխալ տեղեկություն եք Դուք ինձ ասում։ Տենց բաներ չկա, վա՛յ, ամոթ չի՞»,- զարմացավ Քումունցը։ Այսպիսով, տասնյակ գիտնականներ այսօր կանգնած են փաստի առաջ. նրանց գիտական կարիերան հարվածի տակ է, իսկ վճարված հազարավոր դոլարների վերադարձի հույսն օրեցօր մարում է։


Հասմիկ Մովսիսյան