Ներքին Միտք 35 րոպե առաջ - 13:18 07-09-2026

Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներում գրում էր հայերի ամբողջական բնաջնջնման հրեշավոր ծրագրի մասին․ «Ուզեցինմեկ հայ թողնել, այն էլ… թանգարանում…»։

Եթե Հայաստանում ընթացող աղետալի զարգացումները շարունակվեն, ապա այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Թորոսյանը մայիսին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց. «Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, նույնիսկ եթե դա չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ։ Առանց դրա դա տեղի չի ունենա։ Մենք նաև պետք է փոխենք մեր մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլուխներում, որովհետև այս տարածաշրջանում գոյատևելու այլ ճանապարհ չկա»։

Թորոսյանը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է։ Նախկինում նա զբաղեցրել է առողջապահության նախարարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները, եղել է պատգամավոր, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Սա հակահայկական գաղափար է, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր մյուս գործողությունները։ Ցանկացած խելամիտ հայ ղեկավար, նախքան տասնյակ հազարավոր օտարերկրացիների ներհոսքը շտապողաբար կազմակերպելը, կփորձեր խրախուսել յոթ միլիոնանոց հայկական Սփյուռքի ներկայացուցիչների մի մասին՝ հայրենադարձվելու Հայաստան։

Դրա փոխարենը Փաշինյանը լծված է Հայաստանի պատմության ու մշակույթի մերժմանը, իսկ հիմա էլ՝ երկրի ժողովրդագրությունը նոսրացնելուն։ Սկզբում նա Ադրբեջանին հանձնեց հայկական Արցախը՝ զոհաբերելով հազարավոր երիտասարդ հայ զինվորների, այնուհետև թույլ տվեց Ադրբեջանին 2021 և 2022 թվականներից սկսած բռնազավթել Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ։ Այժմ էլ խոսում է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին։

Այնուհետև Փաշինյանը սկսեց նսեմացնել հայկական նվիրական ազգային խորհրդանիշները, ինչպիսին Արարատ լեռն է։

Նախքան մտահոգվելը, թե արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սփյուռքահայերին, ավելի մտահոգիչ է սեփական քաղաքացիների Հայաստան գալն ու ընտրության օրը քվեարկելն արգելափակելը։ Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է նոր օրենք, ըստ որի՝ քվեարկելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիները նախ պետք է մեկ տարի բնակված լինեն Հայաստանում։ Սա քաղաքացիների ամենաառաջնային ժողովրդավարական իրավունքի խախտում է։

Կառավարությունը նաև շատ ավելի է դժվարացրել սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ փոխանակ նրանց հայրենադարձությունը խրախուսող պայմաններ առաջարկելու, ինչը կնպաստեր Հայաստանի բնակչության աճին։

Մի քանի տարի առաջ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան այցից առաջ մամուլին հայտնեց, որ կցանկանար կազմակերպել արաբների վերաբնակեցումը Հայաստանում, կարծես չգիտակցելով, որ իր պաշտոնական պարտականությունը սփյուռքահայերի հետ աշխատելն է, այլ ոչ թե արաբների, չինացիների կամ որևէ այլ ազգության ներգաղթի խրախուսումը Հայաստան։

Հայ պաշտոնյաների հայտարարություններում ամենաանհանգստացնողն այն է, որ նրանց՝ օտարերկրացիների Հայաստան վերաբնակեցման մասին քննարկումները ճանապարհ են հարթում 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման համար, ինչը կնշանակի Հայաստանի Հանրապետության վերջը։ Արդեն ամիսներ է, նախագահ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը ընդունի 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում։ Ալիևն արդեն իսկ վերանվանել է Հայաստանը՝ կոչելով այն «Արևմտյան Ադրբեջան»։

Արդյոք Թորոսյանն ու Փաշինյանը կընդլայնե՞ն իրենց հակահայկական դիրքորոշումը՝ մինչև 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում ընդունելը։ Ցավոք, կարծում եմ, սա լիովին հավանական է։ Իսկ եթե Հայաստանը կործանելու համար դա էլ բավարար չլինի, ապա Հայաստանի սահմանից այն կողմ ապրում են միլիոնավոր թուրքեր։ Արդյոք Հայաստանի ղեկավարներն այնքան հանդուգն կգտնվեն, որ հրավիրե՞ն մեծ թվով թուրքերի տեղափոխվելու Հայաստան։ Մտավախություն ունեմ, որ նրանք ունակ են նման քայլի:
Օտարերկրացի վերլուծաբան Խավիեր Վիլամորը «The European Conservative» պարբերականում գրել է, որ Թորոսյանի հայտարարությունը «ներքին սուր բանավեճ է բացել ազգային ինքնության, ժողովրդագրության և երկրի ռազմավարական ուղղության շուրջ…․

Հայաստանը տասնամյակներ շարունակ իրեն բնութագրել է որպես ժողովրդագրական բացառություն՝ էթնիկ բախումներով, պատերազմներով և զանգվածային տեղահանություններով բնորոշ տարածաշրջանում։ Ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր երկիրը, որի 97-98 տոկոսը միատարր հայեր են, քաղաքականապես ձևավորված է ազգային գոյատևման գաղափարի շուրջ՝ Օսմանյան ցեղասպանությունից, խորհրդային համակարգի փլուզումից և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ Այժմ, առաջին անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն սկսում են հրապարակայնորեն խոսել այդ մոդելը կոտրելու մասին»։

Եթե Հայաստանի կառավարությունն իսկապես հետաքրքրված լիներ Հայաստանի բնակչության աճով, ապա ամեն ինչ կաներ, որպեսզի արդեն իսկ երկրում ապրող քաղաքացիները չլքեին երկիրը։ Այն պետք է նաև ապահովեր բնակարանային անհրաժեշտ պայմաններով և աշխատատեղերով, որպեսզի վերջին տարիներին Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Արցախից Հայաստան տեղափոխված հայերը մնային երկրում։ Ցավոք, նրանցից տասնյակ հազարավորներն արդեն հեռացել են Հայաստանից։

Հայաստանի կառավարության հայտարարած՝ մեծաթիվ օտարերկրացիներ Հայաստան բերելու մտադրության մերժումը ռասիզմ չէ։ Այն բխում է այն իրողությունից, որ բազմաթիվ զանգվածային կոտորածներ և նույնիսկ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը պարտավոր է պահպանել իր բազմահազարամյա քաղաքակրթությունը՝ պաշտպանելով այն ոչնչացումից։

Հարութ Սասունյան
http://www.thecaliforniacourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի։

Ամենից շատ դիտված