Ներքին 1 տարի առաջ - 17:35 25-05-2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը:

Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։

Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Այսօր հերթական անգամ ներկա ենք Հայաստանում ավանդական դարձած, մեր մշակութային ներկապնակը հարստացնող Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացմանը: Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը: Եվրոպական ֆիլմերի փառատոնին սպասում է ոչ միայն կինոսեր հանրությունը, այլև նրանք, ովքեր իրենց մասնագիտական զարգացումը տեսնում են օտար լեզուների, կինոարտադրության, երկրագիտության և միջազգային դիվանագիտության ոլորտներում»,- ողջույնի խոսքում ասել է նախարարը:

Կարևորելով ոլորտի առաջընթացը՝ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է նաև կինոյի ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ԵՄ-ի հետ հաջող համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» հարթակի շրջանակում և վերահաստատել պետության հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցելու համատեղ նախաձեռնություններին։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում դրա մեդիաբաղադրիչի ինտեգրումն արվեստագետներին հնարավորություն կտա առավել խորացնելու իրենց կապերը Եվրոպայի գործընկերների հետ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ մշտական և արդյունավետ համագործակցության համար:

Ներկաներին ողջունել է նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով, որ փառատոնը մշակութային դիվանագիտության լավագույն օրինակներից է և խորհրդանշում է Հայաստանի և Եվրոպական միության միջև զարգացող կապը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մշակութային ժառանգության վրա։

«Կինոն համընդհանուր լեզու է, որն անցնում է սահմանները՝ կամուրջ դառնալով ազգերի, մշակույթների և սերունդների միջև։ Եվրոպական կինոն արտահայտում է մարդկության կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։

Հայկական կինոարվեստը նշանակալի ներդրում ունի եվրոպական բազմազան մշակութային ժառանգությունում»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցելու հայկական մշակույթի զարգացմանը։

Կինոյի տանը 7 օր շարունակ հանդիսատեսը հնարավորություն կունենա բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտելու «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը: Մուտքն ազատ է:

Փառատոնը հարթակ է, որտեղ հանդիպում են արվեստը, պատմությունը և ժամանակակից թեմաները՝ արտահայտված կինեմատոգրաֆիայի լեզվով՝ հանդիսատեսին միավորելով ընդհանուր արժեքների շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով