Սպորտ 3 տարի առաջ - 16:21 25-01-2023

Պաթետիկ խոսքեր՝ առանց գործողությունների․ Հայաստանի թենիսի ֆեդերացիան աջակցում է Խաչանովին

Թենիսի աշխարհը ցնցած հայազգի Կարեն Խաչանովը բացահայտ աջակցություն է հայտնում Արցախին՝ տարբեր հարթակներում սևեռելով աշխարհի ուշադրությունը Բերձորի միջանցքի փակմանը։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան անմիջապես՝ գրառման հաջորդ իսկ օրը, հունվարի 22-ին, դիմում-բողոք է ներկայացրել Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով պատժել Ռուսաստանը ներկայացնող մարզիկին։

Հայաստանի թենիսի ֆեդերացիան, փաստորեն, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ, հակընդեմ բողոք ներկայացնել չի պատրաստվում։

Տեսախցիկի վրա «Artsakh stay strong» գրառումից 3 օր անց Oragir.News-ը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանի ֆեդերացիան։ Կարամանուկյանն ասել էր, որ զրուցել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահի հետ և առաջիկայում կորոշեն՝ ինչ քայլեր են ձեռնարկելու։

Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի թենիսի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ պաթետիկ ձևակերպումներից բացի գործուն քայլերի մասին ոչ մի ձևակերպում չկա։

Հայտարարությունում, մասնավորապես, գրված է․

«Մենք ապրում ենք զարմանալի աշխարհում. Երկրորդ համաշխարհային պատերազմի աղետալի հետևանքներից հետո մարդու իրավունքներն ու ազատությունները և դրանց պաշտպանությունը դարձել են ժողովրդավարական սահմանադրական պետության հիմնական տարրը։ Ավելի քան 70 տարի համաշխարհային հանրությունը հռչակել է խոսքի ազատությունը՝ այն ամրագրելով աշխարհի գրեթե բոլոր երկրների (հատկապես եվրոպական) սահմանադրություններում, միջազգային ակտերում. Կոնվենցիայում և Ստրասբուրգի դատարանում:

Աշխարհի ականավոր թենիսիստներից մեկը՝ հայ ժողովրդի և Ռուսաստանի Դաշնության հպարտությունը՝ Կարեն Խաչանովն իր զորակցությունն է հայտնել արցախցիներին, ովքեր ներկայումս գտնվում են հումանիտար նման ծանր վիճակում։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի կողմից Թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված բողոքը և նման ազնվական մարզիկի նկատմամբ «Արցա՜խ ամու՜ր մնա» բառերի համար տույժեր կիրառելու պահանջը. բառեր, որոնք ոչ քաղաքական բաղադրիչ են պարունակում, ոչ էլ սադրիչ քայլ.

Հայաստանի թենիսի ֆեդերացիան մշտապես հանդես է եկել և կպաշտպանի կյանքի բոլոր ոլորտներում միջպետական ​​հարաբերությունների գործունեության համար ժողովրդավարական հիմքերի պահպանումը, հատկապես՝ սպորտը։ Ադրբեջանցի գործընկերների պահանջն աբսուրդ է, օրինական չէ և պարզապես բնութագրվում է քմահաճությամբ և պրոֆեսիոնալ ինֆանտիլիզմով։

Իմ անունից ուզում եմ իմ երախտագիտություն հայտնել Կարեն Խաչանովին` ուժեղ հայրենասիրական ոգու (որը բացակայում է ժամանակակից աշխարհում) և «Australian Open»-ում խաղալու բարձր պրոֆեսիոնալ մակարդակի համար և մաղթել հաջողություն հետագա ելույթներում։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն
Գևորգ Կարամանուկյան»

Փաստորեն, Հայաստանի թենիսի ֆեդերացիան բավարարվեց ներքին օգտագործման «ջախջախիչ» կոչերով և ընդամենը հաջողություն մաղթեց Կարենին՝ հետագա մրցելույթներում, որի կարիքը երևի նա շատ ուներ․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով