Արտաքին 3 տարի առաջ - 20:24 05-11-2022

Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է Հայաստանին՝ եռակողմ հայտարարությունը խախտելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքին վերաբերող կետը խախտելու համար։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը։

Բայրամովն ընդգծել է, որ մինչև այսօր Բերձորում (Լաչին-խմբ) հայտնաբերվել է ավելի քան 1400 ական, և հայտնի չէ, թե ապագայում որքան կհայտնաբերվի։ «Սա միջազգային իրավունքի ու եռակողմ հայտարարության սկզբունքների բացահայտ խախտում է»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ ականների մատակարարումը նշանակում է սադրանքների շարունակություն։ Նրա խոսքով՝ այս ամենը փաստում է, որ միջանցքն օգտագործվել է այլ նպատակներով։

«Դուք գիտեք, որ Լաչինի միջանցքը երեք ուղղությամբ կարող է օգտագործվել միայն քաղաքացիական նպատակներով՝ քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար։ Հայաստանի այս գործողությունները նշանակում են նաև եռակողմ հայտարարության այս կետի բացահայտ խախտում»,- ասել է նա։

Բայրամովը նաև հայտնել է, որ Վաշինգթոնում կկայանա իր և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նա նշել է, որ Միրզոյանի հետ հանդիպման նախաձեռնությունը ամերիկյան կողմինն է։ «Ադրբեջանը համաձայնել է, հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- նշել է Բայրամովը։

Վերջինս նաև նշել է, որ Հայաստանի կողմից այսպես կոչված երրորդ երկրների ազդեցության տակ ապակառուցողականության դրսևորումն անընդունելի է։

«Անընդունելի և անընդունելի է, որ այն ժամանակ, երբ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, երբ այս տարածքներում, որտեղ 30 տարի կյանք չկա, նոր վերականգնողական ու շինարարական աշխատանքներ են իրականացվում, որևէ երրորդ կողմ սադրիչ քայլերի է դիմում, կամ հակառակ կողմը նրանց ազդեցության տակ քայլեր է անուն և ապակառուցողականություն ցուցաբերում»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ Բաքուն դա թույլ չի տա և «վճռականորեն կդադարեցնի բոլոր սադրանքները»։ «Մեր ռազմավարությունը հայտնի է, մենք ցանկանում ենք համագործակցություն հաստատել միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ փոխադարձ տարածքային ամբողջականության հարգմամբ, ճանաչմամբ և մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է Ադրբեջան արտգործնախարարը։

Բայրամովը միևնույն ժամանակ նշել է, որ բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանի հռետորաբանության և քայլերի միջև տարբերություն կա։ Նրա խոսքով՝ Բաքուն ժամանակ առ ժամանակ դրական ուղերձներ է լսում, սակայն «դրանք անհետևողական են և երբեմն հակասական»: Ադրբեջանի արտգործնախարարն այս համատեքստում Հայաստանին մեղադրել է նաև Արցախի տարածքից իր զինված ուժերին դուրս չբերելու համար, ինչը նույնպես եռակողմ հայտարարության խախտում է որակել։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի