Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:11 03-06-2022

Սա ՀՀ-ի շահերը սպասարկող, պաշտպանող ցանկացած ուժի հայտարարություն է․ Արամ Վարդևանյան

«Ցավով եմ ասում, որ այս հայտարարությունը, նախագիծը ներկայացվում է ձևով ԱԺ-ում, բայց բովանդակությամբ ոչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով ընդդիմադիր երկու դաշինքների կողմից ԱԺ տարված հայտարարությունը։

«Հայտարարությունը վերաբերում էր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին, վերաբերում էր Հայաստանի Հանրապետության շահերին, Արցախի Հանրապետության շահերին։ Հայտարարությունը բաղկացած էր յոթ կետից, որոնցից յուրաքանչյուրը պետական շահերով մտահոգված քաղաքացու համար առանցքային է։

1. ՀՀ-ն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ ՀՀ-ի համար անընդունելի է ԼՂ-ի հարցի կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2.Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3.ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

4. Ադրբեջանի Հանրապետության հետ սահանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձով և ՀՀ ինքնիշխան տարացքից ադրբեջանական զորքի դուրսբերման նախապայմանով։

5. Ադրբեջանի հետ սամանագծման և սահմանազատման արդյունքում բացառվում Է ՀՀ-ի տարածքային ամբողջականության խաթարումը։

6. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ բացառում է որևէ համաձայնություն, որը կասկածի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավոեւնքը։

7.Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ։

Սա Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող, պաշտպանող ցանկացած ուժի հայտարարություն է իր բովանդակությամբ և իր շեշտադրումներով։ Սա մի հայտարարություն է, որը բխում է ՀՀ անկախության հռչակագրից, այսինքն՝ այն պատգամից, որ տրվել է հայ ժողովրդի կողմից Հայաստանի Հանրապետություն ստեղծելով»,- ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին ներկա են 33 պատգամավոր։ Քվորում ունենալու համար անհրաժեշտ էր, որ ներկա լինի պատգամավորների ընդհանուր թվի կեսը։ Նիստը տեղի չունեցավ։

Տեսանյութը՝ քիչ անց։