Խոսք 5 տարի առաջ - 15:58 02-10-2021

Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը բարեմաղթեց արդյունավոր առաքելություն: Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, իր երախտագիտությունը հայտնեց Շվեդիային, ինչպես նաև միջազգային դիվանագիտական առաքելություններին պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Վեհափառ Հայրապետը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքը բերեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ազգային և հոգևոր կյանքով ապրելու հնարավորության ընձեռնման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության հետ։

Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել պատերազմից հետո իր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Դեսպանն ընդգծեց նաև, որ մեծապես տպավորված է Հայաստանով և հայ ժողովրդի հյուրընկալությամբ։

Պրն․ Պատրիկ Սվենսոնը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ դեսպանությունը ջանքեր է գործադրելու հայ-շվեդական կապերը տարբեր բնագավառներում առավել խորացնելու ու զարգացնելու ուղղությամբ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը Շվեդիայի թագավորության դեսպանին ներկայացրեց Մայր Աթոռի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և ներկայում իրականացվող գործունեությունը՝ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումն ու գործադրումը։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց արդյունավետ գործունեություն ի զորացումն հայ-շվեդական հարաբերությունների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»