Ներքին Խոսք 50 րոպե առաջ - 19:00 14-10-2026

Եվրոպան ձեռք է մեկնում, իսկ ՀՀ իշխանությունը անգործության է մատնված. Գոհար Մելոյանը՝ հայ ռազմագերիների վերաբերյալ նոր բանաձևի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Միջազգային հարթակներում արձանագրվել է հերթական կարևորագույն հաջողությունը, որը կարող էր բեկումնային լինել հայկական դիվանագիտության համար, եթե երկրի ներսում լիներ պատշաճ քաղաքական կամք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Իրավաբանի փոխանցմամբ՝ ընդունված փաստաթուղթն ունի առանցքային նշանակություն, քանի որ այնտեղ կիրառված են բացառիկ հստակ ձևակերպումներ:

«Հստակ է այդ որոշման մեջ առանձին կետով անդրադարձ կատարվել հայ ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անմիջապես վերադարձի ապահովման հարցին՝ կիրառելով շատ կարևոր եզրույթ և, ըստ էության, նորմատիվ պարտադիր պահանջ նախատեսելով այս բանաձևի մեջ»,- շեշտեց բանախոսը։

Մելոյանի գնահատմամբ՝ սա իրապես նվեր է հայ հասարակության և հայկական իշխանությունների համար, որը կարող է հզոր դիվանագիտական հաղթաթուղթ դառնալ։ Այդուհանդերձ, ըստ բանախոսի, հիմնական խնդիրը մնում է հայաստանյան կառավարող օղակների մոտեցումների մեջ։

Նա արձանագրում է, որ գործող իշխանությունը չունի քաղաքական կամք գերիների վերադարձի հարցը վերջնականապես լուծելու համար:

«Մեր լրջագույն խնդիրը կայանում է նրանում, որ օրվա իշխանությունը չունի քաղաքական կամք՝ գերիների վերադարձի հարցը լուծելու։ Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք ոչ թե խաղաղության օրակարգի, այլ միակողմանի զիջումների տրամաբանության մեջ, ինչն ուղղակիորեն հակասում է իրենց իսկ կողմից այդքան շրջանառված ու չարչրկված խաղաղության գաղափարին։ Չի կարող երկու պետությունների միջև երաշխավորված խաղաղության գործընթաց լինել, երբ դրանցից մեկը շարունակում է իր մոտ ռազմագերիներ պահել»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով, այս իրավիճակը «զիջումներ առանց խաղաղության» ձախողված օրակարգի հետևանք է, մինչդեռ իրենց նախաձեռնությունն առաջ է քաշում հայկական շահերից բխող այլընտրանք. «Մենք՝ «Ուժեղ Հայաստանը», հռչակել ենք, որ սա որևէ լավ տեղ չի տանելու, և պետք է որդեգրենք խաղաղությունն առանց զիջումների օրակարգ, որպեսզի ունենանք դրական ելք»։

Իրավաբանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից միջազգային հանրության կոչերն անտեսելը նորություն չէ. Բաքուն նախկինում անհաղորդ է մնացել անգամ ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։

Սակայն հենց այստեղ է, որ պետք է ակտիվանա հայկական դիվանագիտությունը. «Էս բոլոր փաստաթղթերը առաջին հերթին խաղաքարտ պետք է հանդիսանան մեր իշխանությունների համար դիվանագիտական գործընթացներում, ինչը մենք տեսնում ենք, որ բնավ չկա քաղաքական նպատակ դրանք կյանքի կոչելու, օգտագործելու և ապահովելու դրական ելք»։

Մելոյանը հիշեցրեց նաև նախընտրական շրջանի հայտնի հայտարարությունները, երբ Փաշինյանը, մարդկանց հույզերի վրա խաղալով, ասում էր, թե «մեր ընկերները մեկ-երկու ամիս էլ կսպասեն», մինչդեռ հայորդիներն արդեն տարիներ շարունակ գտնվում են Ադրբեջանում. «Սա, կարծում եմ, մեր բոլորիս ողբերգությունն է, որ տեսնում ենք մեր իշխանության անգործությունը էս կարևորագույն անկյունաքարային հարցում, և կրկին ամբողջ Եվրոպան ակնհայտորեն մեզ ձեռք է մեկնում՝ ի աջակցություն այս հարցում»։

Որպես իրավիճակի անհեթեթության ամենախոսուն ապացույց՝ իրավաբանը մեջբերեց Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանի հայտարարությունը, երբ վերջինս ասաց՝ հնարավոր չէ գերիների վերադարձի ապահովում, երբ իշխանությունը չի համագործակցում այդ հարցում, և որ՝ նա իր հարուստ պրակտիկայի ընթացքում նման վարքագիծ չի տեսել։

«Իրապես ես ցավալիորեն եմ արձանագրում, որ համաշխարհային պրակտիկայում մեր իշխանությունը ստանձնել է էն կարգավիճակը, որ ամբողջ աշխարհն է արդեն արձանագրում, որ իրենք փութաջան հետևողականություն չեն դրսևորում գերիների վերադարձի թեմայով»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը