Նոր Սահմանադրության նախագծում կրկին շրջանառվում է վաղուց հնացած և միջազգային չափանիշներին հակասող «զանգվածային լրատվամիջոցներ» եզրույթը։ Այս մասին ահազանգում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, մեդիափորձագետ Շուշան Դոյդոյանը՝ ընդգծելով, որ նախագծում պահպանվել են նախորդ սահմանադրությունների բոլոր խնդրահարույց ձևակերպումներն ու բացերը։
Դեռևս իր հրապարակային գրառման մեջ Դոյդոյանը նշել էր, որ Եվրոպայի խորհուրդը «mass media» տերմինից հրաժարվել է դեռևս 2005 թվականից՝ այն փոխարինելով ավելի լայն «media» հասկացությամբ, իսկ 2011 թվականի CM/Rec(2011)7 հանձնարարականով սահմանել է մեդիայի ֆունկցիոնալ մոտեցումը։ Ըստ փորձագետի՝ «զանգվածային» բառը նեղացնում է մեդիայի ազատության պաշտպանության շրջանակը և գալիս է խորհրդային քարոզչական համակարգից։
Oragir.News-ի հետ զրույցում Շուշան Դոյդոյանը մանրամասնեց, որ խնդիրը զուտ տերմինաբանական չէ, այլ ունի խորքային և համակարգային նշանակություն։
««Զանգվածային» բառը սովետական ժառանգություն է և պետք է հանել։ Մեդիայի դերը վաղուց փոխվել է. զանգվածների վրա ազդեցության գործառույթը պրոպագանդան է, որը չի համատեղվում լրատվամիջոցների իրական առաքելության հետ։ Դա միայն տերմինաբանական հարց չէ, այլ խորքային. ԶԼՄ ասող պետությունը չի կարող ճիշտ ուղղությամբ զարգացնել տեղեկատվական համակարգը, առավել ևս՝ երաշխավորել դրա ազատությունը»,- նշեց Դոյդոյանը։
Խոսելով նախագծի վերաբերյալ այլ խորքային մտահոգությունների մասին՝ փորձագետն ընդգծեց, որ Մայր օրենքի նոր նախագծում տեղեկատվական ոլորտին վերաբերող դրույթներում որևէ իրական բարեփոխում չի արվել։
«Առաջին և երկրորդ սահմանադրությունների մեջ եղած նույն խնդիրները հիմա էլ պահպանվում են, որևէ բան ուղղակի չի բարեփոխվել»,- արձանագրեց նա և առանձնացրեց առանցքային բացթողումները։
Ըստ Դոյդոյանի՝ նախագծի ամենագլխավոր բացերից մեկը գրաքննության ուղղակի սահմանադրական արգելքի բացակայությունն է։ «Տեղեկատվության ազատության երաշխավորումը բավարար կարող է լինել, եթե սահմանվի նաև անկախ, անաչառ վերահսկողության մեխանիզմը»,- նշեց փորձագետը։
Դոյդոյանը խնդրահարույց է համարում նաև ֆինանսական թափանցիկության սկզբունքի սահմանադրական ամրագրումը, քանի որ դա զուտ օրենսդրական կարգավորման հարց է։
«Կուսակցություններն ու մեդիաները նույն հարթության վրա դիտարկելը նշանակում է լավ չպատկերացնել, նաև խաթարել երկուսի դերը մեր հասարակությունում»,- ընդգծեց նա։
Ամփոփելով՝ Շուշան Դոյդոյանը հավելեց, որ առաջիկայում հանգամանալից վերլուծության է ենթարկելու նախագծի երկու առանցքային՝ տեղեկատվության ազատությանը և մեդիաների ազատությանը վերաբերող հոդվածները։
Հասմիկ Մովսիսյան