Ղազախստանը մտադիր է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ Կասպից ծովի հատակով նախատեսվող ստորջրյա մալուխի միջոցով։ Այս մասին հայտարարել է Բաքվում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը։
«Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը նախատեսում են Կասպից ծովի հատակով անցկացնել ստորջրյա էլեկտրական մալուխ՝ Կենտրոնական Ասիայից, այդ թվում՝ Ղազախստանից, Ադրբեջանով դեպի Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանելու համար։
Նախագծի ուղղությամբ աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են։
Հավանաբար, սա կլինի մեր երկրորդ անդրազգային ենթակառուցվածքային նախագիծը Կասպից ծովում՝ օպտիկամանրաթելային կապի գծից հետո», – ասել է դեսպանը Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան Telegram ալիքում հրապարակված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ Ղազախստանի նախագահը երկրի առջև խնդիր է դրել ապահովել էլեկտրաէներգիայի ավելցուկային արտադրություն։