Ուղիղ եթեր
Ավելին 40 րոպե առաջ - 10:59 26-11-2026

164 միլիոն դոլարանոց կալվածքի շուրջ դատական պատերազմն ավարտվեց․ ինչ համաձայնության են եկել Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վերջապես վերջակետ են դրել տարիների դատական պատերազմին․ ի՞նչ համաձայնության են եկել նախկին ամուսինները

Հոլիվուդյան ամենաաղմկահարույց բաժանումներից մեկի շուրջ տարիներ շարունակվող դատական պայքարը կարծես ավարտվել է։ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վերջապես համաձայնության են եկել ֆրանսիական Château Miraval գինու կալվածքի վաճառքի շուրջ՝ հրաժարվելով փոխադարձ դատական պահանջներից և խուսափելով Լոս Անջելեսում հաջորդ տարվա սկզբին նախատեսված դատավարությունից։

Ավելին՝ նախկին ամուսինները հանդես են եկել անսովոր համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ցանկանում են առաջ շարժվել՝ հանուն իրենց ընտանիքի։

Փիթի և Ջոլիի ներկայացուցիչները Daily Mail-ին հայտնել են, որ կողմերն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել դատական գործընթացները դադարեցնելու համար։ Համաձայնության ֆինանսական և մյուս պայմանները, սակայն, գաղտնի են պահվում։

«Մենք դատարանից դուրս համաձայնության ենք եկել՝ հիմնվելով մեր ընտանիքի շահերի վրա, և այլևս մեկնաբանություններ չենք տա։ Որոշակի «աղբյուրներին» վերագրվող որևէ հայտարարություն չի բխում մեզանից կամ մեր անմիջական շրջապատի որևէ մեկից», – նշված է նախկին ամուսինների ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ։

Սակայն ի՞նչն էր այսքան երկար տարիներ բաժանում երբեմնի ամենահայտնի հոլիվուդյան զույգին։

Դատական վեճի կենտրոնում ֆրանսիական Château Miraval կալվածքն էր, որի վաճառքը վերածվել էր նախկին ամուսինների միջև իրավական լուրջ պատերազմի։ Գործընթացն ուղեկցվում էր նաև Ջոլիի ծանր մեղադրանքներով․ դերասանուհին պնդում էր, որ Փիթը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել իրեն և իրենց երեխաներից մեկին։

Ըստ տեղեկությունների՝ բաժանումից հետո Ջոլին ցանկացել է իր բաժնեմասը վաճառել նախկին ամուսնուն։ Սակայն բանակցությունները ձախողվել են, երբ, դերասանուհու պնդմամբ, Փիթը պահանջել է ստորագրել գաղտնիության համաձայնագիր, որը կսահմանափակեր ընտանեկան բռնության մեղադրանքների մասին հրապարակային խոսելու նրա հնարավորությունը։

2021 թվականին «Լարա Քրոֆթ» ֆիլմի աստղը 64 միլիոն դոլարով վաճառել է կալվածքի իր բաժնեմասը ռուս գործարար Յուրի Շեֆլերին։ Դրանից հետո Փիթը դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով նախկին կնոջը իրենց միջև գործող համաձայնությունը խախտելու մեջ։ Ըստ այդ համաձայնության՝ կողմերից ոչ մեկը չէր կարող առանց մյուսի համաձայնության վաճառել իր բաժնեմասը։

Ջոլին էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ 2016 թվականին մասնավոր ինքնաթիռով թռիչքի ժամանակ Փիթը հարձակվել է իր և իրենց երեխաներից մեկի վրա։
Իսկ ի՞նչ արժեք ուներ վիճաբանության առարկա դարձած կալվածքը։

Ֆրանսիայի հարավում՝ Կորենս կոմունայում գտնվող Château Miraval-ը նախկին ամուսինները ձեռք են բերել 2008 թվականին՝ վճարելով մոտ 28,4 միլիոն դոլար։ Կալվածքը զբաղեցնում է 486 հեկտար տարածք։ Հենց այստեղ էլ նրանք վեց տարի անց՝ 2014 թվականին, ամուսնացել են։

2021 թվականի գնահատականներով՝ գինեգործարանի արժեքը հասել էր շուրջ 164 միլիոն դոլարի։

Այսօր Փիթն ու Ջոլին վեց երեխաների ծնողներ են՝ Մեդոքսի, Պաքսի, Զահարայի, Շայլոյի և երկվորյակներ Նոքսի ու Վիվիենի։ Տարիներ շարունակվող ընտանեկան տարաձայնությունների ֆոնին, ըստ տեղեկությունների, դերասանը քիչ կամ ընդհանրապես կապ չունի երեխաներից որևէ մեկի հետ։ Նրանցից չորսը պաշտոնապես հրաժարվել են Փիթի ազգանունից։

Château Miraval-ի շուրջ երկարատև իրավական պայքարը մոտենում է ավարտին։ Թեև համաձայնության մանրամասները մնում են գաղտնի, նախկին ամուսինների համատեղ հայտարարությունը հուշում է, որ նրանք գոնե այս հարցում որոշել են վերջապես փակել անցյալի էջն ու առաջ շարժվել։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
12:57 Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի