Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև տնտեսական ու առևտրային կապեր են հաստատվում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվում են տնտեսական և առևտրային կապեր։ Ավելին, հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի երրորդ երկրներ ապրանքների տարանցման համար։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 000 տոննա բեռ», – ասել է Ալիևը Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ։
2025 թվականի հոկտեմբերի վերջին Ադրբեջանը վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքը։