Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Էշ-Շուքայք քաղաքի էլեկտրակայանին և Ջիզան նավահանգստին։
Այդ մասին հայտարարել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հաղորդում է հութիների վերահսկողության տակ գտնվող SABA գործակալությունը։
«Մեր զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով Էշ-Շուքայքի էլեկտրակայանին և Ջիզանի նավահանգստին»,- ասված է Սարիայի հայտարարության մեջ։ Նրա պնդմամբ՝ հարվածները զգալի վնաս են պատճառել։
«Անսար Ալլահ»-ի ներկայացուցիչը հավելել է, որ հարձակումը պատասխանն է եղել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Եմենի Սաադա և Մոխա քաղաքների էլեկտրակայաններին հասցրած հարվածների, ինչպես նաև Հոդեյդա նավահանգստի նավամատույցներից մեկի գնդակոծության։
Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է հութիների յոթ ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Սանայում գտնվող մատակարարման գլխավոր պահեստը։
Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թուրք ալ-Մալիքիի խոսքով՝ կոալիցիոն ուժերը ոչնչացրել են նաև վեց արտադրամաս, որոնք ապստամբներն օգտագործում էին բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքներ արտադրելու և հավաքելու համար։
Ավելի վաղ կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել էր հութիների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին՝ նրանցից բխող սպառնալիքները վերացնելու նպատակով, և խաղաղ բնակիչներին կոչ էր արել տարհանվել Եմենի Հոդեյդա նավահանգստից։
Ի պատասխան՝ Սարիան նախազգուշացրել էր, որ Հոդեյդայի ուղղությամբ հարվածների դեպքում ապստամբների թիրախ կդառնան Ջիդդա քաղաքի նավահանգիստը և Կարմիր ծովի ափին գտնվող Սաուդյան Արաբիայի բոլոր նավահանգիստները։ Նա նաև սպառնացել էր հարվածներ հասցնել Էշ-Շուքայքի էլեկտրակայանին և Էր Ռիադի ֆինանսական թաղամասին։