««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։
Թերթի տեղեկություններով, պատգամավորները մինչ այս պահը չեն ստացել իրենց դիմումի հստակ պատասխանը, իսկ տեսակցությունը շարունակաբար ձգձգվում է։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել։ Գյուղացիներն ուզում են այդ միջադեպը հանրայնացնել, որ դադարեցվեն տուժածների նկատմամբ հետապնդումները։ Տիգրան Յոլչյանը, ըստ տեղեկությունների, մի խումբ անձանց հետ ծեծուջարդ է արել Սարուխանում՝գույքային եւ ֆիզիկական վնաս պատճառելով մի խումբ երիտասարդների։ Միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում են նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շրջապատի որոշ անուններ, ինչի շնորհիվ էլ ոչ թե հարձակվողներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ՝ տուժողները:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը պետք է գործուղվեր ՌԴ՝ ԵԱՏՄ առեւտրային քաղաքականության հարցերի եւ ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու։ Երեկ, սակայն, այցը չեղարկվել է, ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Թերեւս, չեն ցանկացել ընդունել հակառուսական հայտարարություններ հնչեցրած նախարարին։ Իսկ Պապոյանը երեկ պարզաբանել է․ «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային եւ առեւտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր 2 նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ բանավեճում Փաշինյանն արդեն խոսեց «բուլդոզերի» մասին։ Նա ընդդիմությանն առաջարկեց գնալ հանրաքվեի՝ խոստանալով հեռանալ՝ եթե նոր Սահմանադրությունը մերժվի, ապա կհեռանա։