Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 18-ի ամփոփ լուրերը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ չի մեկնելու Մոսկվա՝ նախատեսված ԵԱՏՄ առևտրային քաղաքականության խորհրդակցություններին մասնակցելու համար։ Պապոյանն արդարանում է, թե գործընկեր երկու նախարարներ չեն կարողացել ներկա գտնվել, և հանդիպումը նախարարների մակարդակով չեղարկվել է, փոխարենը մեկնել են միայն փոխնախարարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային՝ առաքելության ավարտին։ Դեսպանը հայտարարել է, թե Տոկիոն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու հակակոռուպցիոն քաղաքականությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի կոշտ հարցադրմանը, թե ինչու տնտեսական ցուցանիշների ֆոնին ժողովուրդը շարունակում է աղքատ ապրել, իսկ խոստացված նվազումը չկա, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստիպված է եղել արդարանալ։ Նախարարն ընդունել է, որ աղքատության նվազման տեմպն այն չէ, ինչ ակնկալվում էր, բայց որպես հիմնական փրկություն նշել է կենսաթոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրության համակարգի գալիք ներդրումը՝ հավելելով, թե 2026 թվականի վիճակագրությունը դեռ պատրաստ չէ։
Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների 1/2 հասցեի բնակիչներն արդեն չորս օր է՝ ապրում են իրական համաճարակային ահաբեկչության պայմաններում։ Կոյուղատարերի խցանման պատճառով գարշահոտ կեղտաջրերը ոչ միայն լցվել են նկուղ, այլև ուղղակիորեն՝ առաջին հարկի բնակարաններ։ Բնակիչները, որոնք նախկինում անգամ իրենց գրպանից են նորոգել խողովակները, այժմ մնացել են մենակ այս հակասանիտարական ճահճի մեջ։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել սպասված կադրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիսավոր ընդունելության ժամանակ անձամբ հանդիպել և սեղմել են միմյանց ձեռքը։ Հիշեցնենք, որ օրակարգում նաև նախատեսված էր Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը։
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Միներալնիե Վոդիից թռչում էր դեպի թուրքական Անթալիա, հայտնվել է կիզակետում. երբ օդանավը գտնվել է Թուրքիայի օդային տարածքում, ահազանգ է ստացվել բորտում ռումբի առկայության մասին։ Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։
Տեսանյութ: