ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի և նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Այդ մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։
Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը իրանական մասնավոր հատվածի մասնակցության հարցը Դավիթ Խուդաթյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում բանակցությունների թեմաներից մեկն է:
ՏԿԵ նախարարը հանդիպել է Իրանի փոխվարչապետի և նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բորդի հետ։ Վերջինս հայտարարել է, որ Հայաստանում գործարանի կառուցմանը իրանական մասնավոր հատվածի մասնակցության շուրջ բանակցություններն անցել են հաջողությամբ։
Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է առանց որևէ սահմանափակման Հայաստան մատակարարել հեղուկացված գազ։
Բանակցությունների մեկ այլ թեմա է եղել Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետի թողունակության մեծացումը։ Հարցը քննարկվել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանը մտադիր է սահմանային անցակետը վերածել երկրի խոշորագույն ցամաքային առևտրային անցակետի։
© https://shamshyan.com/hy/article/2026/11/17/1316831