«Իրավունք» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ լարված իրավիճակ է Կապանում, ՔՊ-ականները տեղները չեն գտնում շեֆի հանձնարարականից հետո։
«ՔՊ-ի թեկնածուն պիտի անցնի ու կարգին հաղթանակ տանի. ինչ ուզում եք արեք՝ գիշերները մի քնեք, գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք ժողովուրդը ՔՊ-ին վստահի»,- ասում են՝ հանձնարարել է Փաշինյանը հատկապես սյունեցիներին»։
--
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կառուցապատողների նկատմամբ հարկային ստուգումներին զուգահեռ կիրառվող ուժային մեթոդները մտահոգիչ հարց են առաջացնում՝ որտե՞ղ է ավարտվում օրինական վերահսկողությունը և սկսվում բիզնեսի նկատմամբ ուժային տեռորը։
Ըստ առկա տեղեկությունների, որոշ ընկերություններ, չսպասելով դատական քննությանը, վճարել են իրենցից պահանջված գումարները։ Մյուսները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ վիճարկում են իրենց վերագրվող խախտումներն ու հաշվարկված պարտավորությունները, բախվում են ուժային ճնշման՝ բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու միջնորդություններ ներկայացնելու տեսքով։
--
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման ուսումնասիրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի հետ կապված կասկածներն են։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ, մետաղյա զսպանակ, անգամ արցունքաբեր գազ են կիրառել, վերջում էլ դանակահարություն։
Ըստ իրավապահների՝ իրանցիներից մեկը՝ Հուսեյն անունով, դանակով հարվածել է իր հայրենակցին, մետաղյա զսպանակով՝ հային` Պետիկ անունով։ Վերջիններս էլ երկաթյա շղթայով ու մահակով հարվածել են Հուսեյնին, նրա դեմքին արցունքաբեր գազ փչել։
Սակայն պատմությունը սրանով չի ավարտվել․ Հուսեյնը վնասել է մյուսների մեքենաները, կոտրել տան պատուհանները, փորձել է հրկիզել վագոն-տնակը։ Գյուղացիների միջամտությամբ հաջողվել է մարել կրակը։ Հուսեյնը կալանավորված է, մյուս իրանցին տնային կալանքի տակ է, իսկ հայազգի մեղադրյալն ազատության հետ կապված խափանման միջոցի տակ է»։
--