Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2027 թվականին նախարարության բյուջեն կկազմի շուրջ 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ դրամով գերազանցելով 2026 թվականի ցուցանիշը։ Նախատեսված է իրականացնել 23 բյուջետային ծրագիր և 193 միջոցառում։
Հատկացումների գերակշիռ մասը՝ 80.4 տոկոսը, կուղղվի կրթությանը։ Գիտության ոլորտին նախատեսված է 30.7 մլրդ դրամ, մշակույթին՝ 23.9 մլրդ դրամ, սպորտին՝ 25 մլրդ դրամ, երիտասարդությանը՝ 3.3 մլրդ դրամ։ Գիտության ֆինանսավորման ծավալները դեռ քննարկման փուլում են և կարող են լրամշակվել։
«Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող բյուջեն գրեթե եռապատկվել է։ Սա վերաբերում է ոչ միայն ֆինանսական միջոցներին, այլև իրականացվող աշխատանքների ծավալին, որոնց արդյունքները բավականին տեսանելի են»,- ընդգծել է նախարարը։
Կապիտալ ներդրումների աճ
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կապիտալ ներդրումների զգալի աճին՝ նշելով, որ 2018 թվականի շուրջ 1.3 մլրդ դրամի դիմաց 2025 թվականին փաստացի ծախսերը կազմել են 129.3 մլրդ դրամ։ 2026 թվականի համար նախատեսված էր 165.5 մլրդ դրամի, իսկ 2027 թվականին՝ համադրելի ծավալի կապիտալ աշխատանքների ֆինանսավորում, որոնք կազմում են նախարարության ընդհանուր բյուջեի շուրջ 37.7 տոկոսը։
Նոր ծրագրեր՝ 300 դպրոց, 100 մանկապարտեզ, 100 արտադպրոցական հաստատություն, 30 քոլեջ, 40 հուշարձան, 30 երիտասարդական կենտրոն
Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսվում է շարունակել ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման լայնածավալ աշխատանքները։ 2026 թվականին ամփոփվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացիկ փուլը, որին 2027 թվականին կհաջորդեն ևս 300 դպրոցների, 100 մանկապարտեզների, 100 արտադպրոցական հաստատությունների կառուցման և բարելավման ծրագրերը։ Ներդրումներ կիրականացվեն նաև առնվազն 30 քոլեջի, 40 պատմամշակութային հուշարձանի վերակառուցման և ամրակայման, 30 երիտասարդական կենտրոնի զարգացման ուղղությամբ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում շուրջ 1000 դպրոց դեռևս ունի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման կարիք, ուստի ենթակառուցվածքների բարելավման տեմպերը պետք է պահպանվեն։ «Ամփոփելով 300 դպրոցների աշխատանքները՝ պետք է արձանագրենք, որ դեռևս աշխատանքի կեսին էլ չենք հասել։ Հետևաբար, անհրաժեշտ է չնվազեցնել աշխատանքների տեմպը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի տեղեկացմամբ՝ 300 դպրոցների ծրագրի շահառուները կազմում են Հայաստանի դպրոցահասակ երեխաների շուրջ 25 տոկոսը։ Առաջիկայում կամփոփվի նաև հաջորդ 300 դպրոցների ցանկը՝ շինարարական աշխատանքները հնարավորինս արագ մեկնարկելու նպատակով։
Նախադպրոցական կրթություն. ֆինանսավորման աճ և նոր ծառայություններ
Նախադպրոցական կրթության ոլորտում բյուջետային ծրագրերի ֆինանսավորումը 2021 թվականի 1.1 մլրդ դրամից հասել է 9.5 մլրդ դրամի։ «500 մանկապարտեզ» ծրագրի արդյունքում արդեն ապահովվում են 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության՝ Կառավարության սահմանած ծրագրային ցուցանիշը։
Ընդլայնվում են նաև մսուրային ծառայությունները։ Մեկ տարեկան երեխաների համար նախատեսված խմբեր են գործում յոթ համայնքային մանկապարտեզում՝ յուրաքանչյուրում 15 երեխայի ընդգրկմամբ։ Առաջիկայում նախատեսվում է մսուրի ծառայությունը հասանելի դարձնել նաև վեց ամսական երեխաների համար։
Կներդրվի նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր
2027 թվականից կներդրվի նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր, որից նախնական հաշվարկներով կօգտվի ավելի քան 400 աշխատակից։ Նախաձեռնությունը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում մասնագիտական կադրերի ներգրավման համար։
Որոշ դեպքերում պետությունը կֆինանսավորի երեխաների կրթությունը մասնավոր նախադպրոցական հաստատություններում
Նոր ծրագրերից է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնումը։ Քաղաքային այն բնակավայրերում, որտեղ առկա են մանկապարտեզների հերթագրման խնդիրներ, պետությունը կֆինանսավորի երեխաների կրթությունը մասնավոր նախադպրոցական հաստատություններում։
«Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, թե որքան կարևոր է, որ երեխան առնվազն մեկ տարի ընդգրկված լինի նախադպրոցական կրթության մեջ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նոր նախաձեռնությունը կնպաստի նաև մասնավոր նախադպրոցական ծառայությունների զարգացմանը։
2027 թ․ կամավոր ատեստավորմանը կհատկացվի 17.95 մլրդ դրամ՝ 20 տոկոսով ավելի, քան 2026 թվականին
ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններից են ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու վարձատրության բարձրացումը։ Եթե 2025 թվականին խրախուսման տարբեր ծրագրերին հատկացվել է շուրջ 15 մլրդ դրամ, ապա 2027 թվականին միայն կամավոր ատեստավորման համար նախատեսվում է 17.95 մլրդ դրամ՝ շուրջ 20 տոկոսով ավելի, քան 2026 թվականին։
Նոյեմբերի 7-ին կմեկնարկի կամավոր ատեստավորման հերթական փուլը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 10 հազար ուսուցիչ։ Ներկայում կամավոր ատեստավորում է անցել արդեն յուրաքանչյուր երրորդ ուսուցիչը։
300 հազար դրամ դրույքաչափ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլում
Միաժամանակ շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որով ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը նախատեսվում է 200 հազար դրամից բարձրացնել մինչև 300 հազար դրամ՝ դրան հավելելով 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար՝ ըստ արդյունքների։ «Յուրաքանչյուր հաջորդ փուլում նախատեսվելու են ավելի բարենպաստ պայմաններ, որոնք ուսուցչի մասնագիտությունը մեր երկրում կդարձնեն ավելի գրավիչ»,- նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև երիտասարդ մասնագետների ներգրավումը՝ տեղեկացնելով, որ նախորդ ուսումնական տարում հանրակրթության համակարգ է մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց շուրջ 80 տոկոսը մինչև 40 տարեկան է։
Սոցիալական երաշխիքներ ուսուցիչներին՝ կշրջանառվի նախագիծ
Նախարարն անդրադարձել է նաև ուսուցչի կարգավիճակի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Նախաձեռնության նպատակն ուսուցիչների մասնագիտական և սոցիալական երաշխիքների ընդլայնումն է։ Այդ համատեքստում կարևորվել է նաև բնակարանային աջակցության ծրագիրը, որը կարող է խթանել նոր մասնագետների, այդ թվում՝ տղամարդ ուսուցիչների ներգրավումը հանրակրթության համակարգ։
Նոր նախաձեռնություններ՝ դպրոցների կատարողականի գնահատում, ոչ պետական դպրոցներում երեխաների կրթության ֆինանսավորում
Որպես 2027 թվականի կարևոր նախաձեռնություն՝ նախարարն առանձնացրել է դպրոցների կատարողականի գնահատման մեխանիզմը, որը, ըստ նրա, դպրոցների որակը գնահատելու և բարձր կատարողական ունեցող դպրոցներին մրցութային եղանակով հավելյալ միջոցներ հատկացնելու իրական հնարավորություն է:
«Կարևոր է ունենալ մեխանիզմներ, որոնցով խթանում ենք գերազանցությունը հանրակրթության մեջ և դրանով իսկ նոր հեռանկար ենք բացում համակարգի համար՝ նաև մյուս դպրոցների համար օրինակ ձևավորելով: Այս գնահատման հիման վրա համակարգը հասցեագրում է նաև ցածր կատարողական ունեցող դպրոցներին՝ նրանց համար զարգացման ծրագրեր մշակելու նպատակով: Այսպիսով, մեխանիզմը հնարավորություն կտա ախտորոշել իրավիճակը և, ըստ այդմ, խրախուսել բարձր ցուցանիշ ունեցող դպրոցներին կամ ուժեղացնել ցածր կատարողական ցուցաբերածներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ կատարողականի գնահատումն ընկած է դպրոցների տնօրենների և կառավարող թիմի թիմերի ատեստավորման հիմքում։
Երկրորդ կարևոր նախաձեռնությունը վերաբերում է ոչ պետական դպրոցներում երեխաների կրթության ֆինանսավորման մեխանիզմներին: Այն նախատեսում է, որ պետությունը կդիտարկի ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների համաֆինանսավորումը: Առաջիկայում կքննարկվեն նաև դրա ընթացակարգերը և ձևաչափերը:
Ամառային ճամբարներին մասնակցությունը՝ կրթական գործընթացի վերջնարդյունք
Նախարարն առանձնակի անդրադարձել է որոշ սոցիալական խմբերի երեխաների համար պետության կողմից ֆինանսավորվող ամառային ճամբարների հնարավորությանը՝ նշելով, որ ամբողջությամբ կփոխվի մոտեցումը, և ամառային ճամբարները կդառնան բովանդակությամբ շատ ավելի կրթական. ըստ երեխաների նախասիրությունների՝ կձևավորվեն կրթական ծրագրեր: Այսպիսով, ամառային ճամբարներին մասնակցությունը կդառնա կրթական գործընթացի վերջնարդյունք։
«Տարբեր ուղղություններով՝ բնագիտական, տեխնոլոգիական, արվեստների, սպորտի և այլն, որոշակի արդյունքներ գրանցելով՝ երեխաներն ամառային թեմատիկ ճամբարի հնարավորություն կստանան: Դա մի կողմից թույլ կտա երեխաների կարողությունները բացահայտել և մյուս կողմից էլ նրանց համար առանձնացված ծրագրերի կազմակերպմամբ՝ կմոտիվացնի նախասիրությունների հարցում»,- ասել է նախարարը:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ շարունակվելու է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը: Նա հիշեցրել է, որ սոցիալական կրեդիտների շրջանակում բավականին մեծ թափ է ստացել ոչ ֆորմալ կրթության զարգացումը, և արդեն իսկ կան ավելի քան 2000 երաշխավորված ծրագրեր:
2026-2027 ուսումնական տարում քոլեջների առաջին կուրս է ընդունվել 16738 ուսանող
«Քոլեջների ուղղությամբ մեր աշխատանքներն արդեն իսկ տեսանելի արդյունքներ ունեն․ մասնավորապես՝ 2026-2027 ուսումնական տարում քոլեջների առաջին կուրս է ընդունվել 16738 ուսանող, որը 2021 թվականի համեմատ 32 տոկոսով ավելի է: Մեր քոլեջներում սովորում են ավելի քան 47000 ուսանողներ, և պետք է հիշեցնեմ, որ պետությունը կրթաթոշակ է տրամադրում արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղություններով՝ ամսական 50000 դրամի չափով: Ակնհայտորեն նշված գերակա ուղղություններով ուսանողների թիվը գրեթե եռապատկվում է։ Քոլեջները երկրի տնտեսության արյունատար անոթներից են․ այն մասնագետները, որոնք պատրաստվում են այս օղակում, ունեն վճռորոշ նշանակություն ամենակարևոր ոլորտները սպասարկելու և դրանք առաջ տանելու ուղղությամբ»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև քոլեջների մանկավարժների մասնագիտական զարգացման մեխանիզմներին՝ նշելով, որ ներդրված են թե՛ ատեստավորման, թե՛ տարակարգի հնարավորություններ: