Հայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե նրանք կասեցնեն իրենց մասնակցությունը, բայց դուրս չգան, նրանք մնում են ՀԱՊԿ-ի լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամներ են, ապա բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ի որոշումները կայացվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները, իսկ այդ դիրքորոշումն այսօր էապես հակասում է ՀԱՊԿ-ի ներսում տեղի ունեցողին», - ընդգծել է Բորդյուժան։
Նրա կարծիքով՝ Երևանի համար ճիշտ գործողությունների ընթացքը կլինի ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե ոչ, ապա ՀԱՊԿ-ը դա պետք է անի։
«Ես նրանց կհեռացնեի։ Նրանք չեն վճարում իրենց անդամավճարները, չեն մասնակցում աշխատանքներին։ Իսկապես, նրանք պարզապես պետք է վեր կենան և հեռանան»,- հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հայաստանի հեռացման հարցը կարող է բարձրացվել Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
ՀԱՊԿ-ի կազմում ներկայումս ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանը հայտարարել է իր անդամակցության «սառեցման» մասին, չնայած դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարեցրել է անդամավճարների վճարումը։