Սերբ հայտնի գրող Ռադոյե Դոմանովիչը «Ստրադիա» երգիծական վիպակում պատկերում է երկիր, որի ղեկավարը հանձնարարում է ոմանց ընդդիմության դեր ստանձնել։ Նա բացատրում է, որ Ստրադիան ժողովրդավարական երկիր է, որտեղ պետք է ընդդիմություն լինի։ Սակայն ոչ ոք չի համաձայնվում, բոլորն ուզում են իշխանության մեջ լինել, քանի որ ընդդիմադիրներին հալածում են, հետապնդում, ստորացնում և այլն։ Այս զավեշտալի պատկերով ցույց է տրվում, որ ընդդիմությունը կարող է լինել կեղծ, նշանակովի, ձևական։
Նման իրավիճակն է եղել նաև Հայաստանում։ Այդ մասին հիշատակել է Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին և հետևյալ կարծիքը հայտնել։
«Հիշում եք՝ Հայաստանում կար «հաճախորդ» և «կառավարելի» ընդդիմություն. դա նույնքան աղետ է ՀՀ-ի համար: Բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն, և իրական ընդդիմություն, որը իրական քաղաքական գործունեությամբ, ոչ թե լրտեսական գործունեությամբ զբաղվի:
Այն, որ սա անհրաժեշտություն է, ակնհայտ է, բայց մյուս կողմից՝ Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն: Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սա ծաղր է։
ՀՀ-ում հիրավի բարդ է ընդդիմություն լինելը։ Ընդդիմադիր գործիչների մի մասը հետապնդումների է ենթարկվում, ունեզրկվում, կալանավորվում։ Գործարարները վախենում են ընդդիմադիր ուժերին նվիրատվություններ անելուց, քանի որ դրա համար կարող են հալածվել, հետապնդվել, ունեզրկվել և այլն։ Պետության կողմից ֆինանսավորում ստանում են սահմանափակ թվով կուսակցություններ։ Օրինակ՝ օրենքով սահմանված է, որ կուսակցությունը ֆինանսավորվում է նաև քաղաքական հետազոտության համար։ ՀՀ-ում կա՞ կուսակցություն, որ այդ տողով փող է ստացել։
Տևական ժամանակ Փաշինյանը, ՔՊ-ականները ատելություն են տարածում ընդդիմադիր ուժերի հանդեպ։ Հետո դա ապացուցում են հալածանքներով, ընդդիմադիրներին փռում գետնին, նվաստացնում։ Այս տեսարաններից հետո ո՞վ կուզենա ընդդիմություն լինել։ Հետո զարմանում են, որ ընդդիմություն չկա։
Զարմանալի է նաև, որ Փաշինյանն ակնարկում է, թե ընդդիմադիր կուսակցությունները լրտեսական գործունեությամբ են զբաղվում։ Այս խնդիրը ուծում ունի, որը կիրառել են խորհրդային բռնազավթումից ազատագրված բախտակից ազգերը՝ ընդունելով լյուստրացիայի մասին օրենք, որով սահմանափակվում է ռուսական գործակալների մուտքը քաղաքականություն։ Եթե Փաշինյանն ուզենա ազատվել լրտեսներից, ապա ՀՀ ԱԺ-ն էլ կընդունի այդպիսի օրենք, և թեման կփակվի։
Փաշինյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ բոլոր կուսակցությունները լրտես են։ Քանի՞ ռուսական լրտես է ձերբակալվել ՔՊ-ի իշխանության 8 տարիներին։ Քանի՞ լրտես է արտաքսվել։ Եթե Փաշինյանը գիտի լրտեսներին, ապա ինչո՞ւ հաղորդում չի տալիս, ինչո՞ւ է պարտակում ազգային անվտանգության դեմ հանցանքները։
Ի վերջո՝ ո՞վ է որոշում՝ ընդդիմությունը գործում է՝ ՀՀ շահերի վրա հիմնվելով, ՀՀ ժողովրդի շահերի վրա հիմնվելով, թե ոչ։ Ընդդիմադիր ուժերի մի մասի կարծիքով՝ ՔՊ-ն այժմ գործում է ազգային շահերի դեմ։ Եթե Փաշինյանի պես կատեգորիկ սահմանենք, որ ռուսամետ դիրքորոշումը ազգային շահերի, ժողովրդի շահերի դեմ է, նշանակում է՝ 2018-2022-ին Փաշինյանը բացահայտ հանդես է եկել ազգային շահերի, ժողովրդի շահերի դեմ։ Հիմա էլ նույն կուրսը շարունակում է, քանի որ ո՛չ ռուսական բազան է դուրս հրավիրում, ո՛չ լյուստրացիայի մասին օրենք ընդունում, ո՛չ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց սկսում, նույնիսկ հունիսի 14-ին մի ծաղիկ չի խոնարհում խորհրդային զավթիչների ու դրածոների ձեռքով սպանված հարյուր հազարավոր բռնադատված հայերի հիշատակին։
Կարճ ասած՝ եթե իսկապես ուզում են Հայաստանը ժողովրդավարական լինի, ապա պետք է դադարեցնեն վայրենի հալածանքները ընդդիմության և գործարարների նկատմամբ, օրենքով սահմանված ֆինանսավորումը հատկացնեն կուսակցություններին, ընդունեն լյուստրացիայի մասին օրենք և փոխեն ռուսամետ կուրսը։ Այսինքն՝ շատ գործ պիտի արվի, որ ՀՀ-ում նորմալ ընդդիմություն լինի։ Իսկ քանի դեռ Փաշինյանը շարունակում է հակաժողովրդավարական կուրսը, ՀՀ-ում ոչ միայն ընդդիմություն, այլև իշխանության նորմալ կուսակցություն չի լինի։
Թաթուլ Մկրտչյան