Հայ դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա «Ոսկե գլոբուսի փարոս» (Golden Globes Beacon Award) մրցանակին՝ «Ոսկե գլոբուս․ Մետաքսի ճանապարհ» (Golden Globes Silk Road) խորագրով անդրանիկ հանդիսավոր միջոցառման ընթացքում։ Այն կանցկացվի հոկտեմբերի 23-24-ին՝ Ուզբեկստանում։ Այս մասին հայտնում է Armenian Film Society-ն։
Մրցանակը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի խոստումնալից արվեստագետներին, որոնք ներկայացնում են կինոյի և հեռուստատեսության ոլորտի նոր սերունդը։
Սամվել Թադևոսյանը լայն ճանաչում է ձեռք բերել «Կյանք ու կռիվ» ռազմական դրամայում գլխավոր դերի շնորհիվ։ Այդ դերակատարման համար նա արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի։
Երկօրյա միջոցառումը նվիրված կլինի Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների ձեռքբերումներին։
Կմեծարվեն վեց արվեստագետներ Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ղազախստանից։